Home / Հայաստան / Անկարայի պայթյունների զոհերի թիվն անցել է 80-ից. ընդդիմադիրը մեղադրում է կառավարությանը

Անկարայի պայթյունների զոհերի թիվն անցել է 80-ից. ընդդիմադիրը մեղադրում է կառավարությանը

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 86-ի. կա առնվազն 186 վիրավոր, որոնցից 28-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի Առողջապահության նախարար Մեհմեթ Մուեձինօղլուն: Նախարարի խոսքով՝ մարդկանցից 62-ը մահացել են անմիջապես դեպքի վայրում, 24-ը՝ հիվանդանոցում:

Ահաբեկչական հարձակումը տեղի էր ունեցել շաբաթ առավոտյան Անկարայի հիմնական երկաթուղային կայարանի տարածքում՝ երկրի մի շարք արհմիութենական կազմակերպությունների նախաձեռնած խաղաղ հավաքի մեկնարկին:

Today's Zaman-ի հաղորդմամբ, Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը լրագրողների հետ զրույցում Թուրքիայի կառավարությանը մեղադրել է խաղաղ քաղաքացիների դեմ հարձակում իրականացնելու մեջ:

«Համաշխարհային առաջնորդները չպետք է մահացությունների կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղեն նախագահին կամ վարչապետին: Տեղի ունեցածը դաժան, բարբարոսական սպանդ է», – ասել է նա:

Zaman-ը գրում է, որ այսօրվա պայթյունները տեղի են ունեցել Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ու, անկասկած, կսրեն քաղաքական իրավիճակը երկրում:

Հունիսի 7-ին կայացած ընտրություններում HDP-ի հաջողությունն իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը զրկեց խորհրդարանական մեծամասնությունից, և վերլուծաբանների ու քննադատների պնդմամբ, ընտրություններից մի քանի շաբաթ անց Թուրքիայի ուժային կառույցների ու Քրդական բանվորական կուսակցության (PKK) միջև վերսկսված բախումները քաղաքական մանևրի մաս էր՝ ուղղված գալիք ընտրություններում քրդամետ HDP-ի հանդեպ աջակցությունը նվազեցնելուն:

Այս շաբաթվա սկզբին, սակայն, տարածվել էր տեղեկություն, թե PKK-ն պատրաստվում է նոյեմբերի 1-ին ընդառաջ զինադադար հայտարարել: Թուրքիայի կառավարությունը տվյալ տեղեկությունը հերքել էր՝ այն որակելով որպես «HDP-ի դիրքերն ամրապնդելու նախընտրական գամբիտ»:

Այնուամենայնիվ, այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումից մի քանի ժամ անց Քրդական բանվորական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ կազմակերպությունը դադարեցնում է ցանկացած տեսակի հարձակումները Թուրքիայի ուժայինների դեմ՝ նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը չխոչընդոտելու նպատակով:

13:00 Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի գլխավոր կայարանում շաբաթ՝ հոկտեմբերի 10֊ին, երկու պայթյուն է գրանցվել, որոնց հետևանքով առնվազն 20 մարդ մահացել է, մեծ թվով մարդիկ՝ վնասվածքներ ստացել։

Թուրքական ԶԼՄ֊ների հաղորդմամբ, պայթյունները տեղի են ունեցել դեպքի վայրում կայանալիք՝ երկրի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների նախաձեռնած խաղաղ հանրահավաքին ընդառաջ։ Կազմակերպիչները, որոնք պատրաստվում էին իրենց բողոքն արտահայտել Քրդական բանվորական կուսակցության զինյալների ու երկրի անվտանգության ծառայողների միջև Թուրքիայի հարավարևելքում տեղի ունեցող բախումների դեմ, հավաքը չեղյալ են հայտարարել։

Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ։ «Անադոլու» գործակալության համաձայն, սակայն, պայթուցիկ սարքը, հնարավոր է, գործի է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից, քանի որ «դեպքի վայրում մարդու մասունքներ են հայտնաբերվել»։

Նշենք՝ հունիսի 5֊ին, երկու պայթյուն էր գրանցվել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա֊հանրապետական կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններից առաջ քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում ընթացող վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ: Պայթյունը, որի հետևանքով առնվազն չորս մարդ մահացել է, տեղի էր ունեցել հանրահավաքի վայրում հոսանքի աղբյուրներին «արտաքին միջամտության» արդյունքում։

Tekali Taxi