Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի, ինչպես նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ՝ բոլորից միասին պահանջելով 7 միլիոն դրամի փոխհատուցում իր անձը զրպարտելու, վիրավորելու համար: ՀՀ ոստիկանությունից, Հունան Պողոսյանից և Նարեկ Մալյանից նա 2-ական միլիոն է պահանջում, իսկ Էդմոն Մարուքյանից՝ 1 միլիոն։
Իր հայցում Օվսյաննիկովան նշել է, որ վերոնշյալ անձինք իրեն վիրավորել են էլէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի օրերին: Հունիսի 24-ին, երբ Օվսյաննիկովան, Բաղրամյանում տեսնելով մահակներով և վահաններով ոստիկաններին, հորդորել է վերջիններիս խուսափել ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառելու հրամաններին ենթարկվելուց, նրան մոտեցել է Հունան Պողոսյանը և ասել է. «Ես Ձեզ կասեմ, մեզ մոտ բոլոր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ Դուք այստեղ նրանց առջև գնում-գալիս եք» («Я вам скажу, у нас все полицейский сексуально озабоченные, а вы тут ходите перед ними»): Այնուհետև Օվսյաննիկովային է մոտեցել պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով այդ օրերին ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև կանգնող մարդկանց «կենդանի պատի» մաս էր կազմում, և կնոջը մեղադրել են սադրիչ գործողությունների մեջ: Օվսյաննիկովան նշում է, որ հաջորդ օրը Նարեկ Մալյանն իրեն վիրավորել է «Ֆեյսբյուք» սոցիալական ցանցում՝ անվանելով «ուկրաինացի սադրիչ»: Մի քանի օր անց Մալյանը նոր գրառում է արել՝ Օվսյաննիկովային կոչելով պրոֆեսիոնալ խառնակիչ, միջազգային գործակալ, ով ներգրավված է եղել Սիրիայում, Ուկրաինայում, Վրաստանում տեղի ունեցած անկարգություններին և ցույցներին ու վերապատրաստվել է Թուրքիայում: Դրա հետ մեկտեղ նա հայցվորի ֆեյսբուքյան էջից տարածել է լուսանկարներ, նշել նրա անուն-ազգանունը և գրել, որ Օվսյաննիկովան ոստիկաններին սեքս է առաջարկել:
Հայցապահանջը ներկայացրած Օվսյաննիկովայի փաստաբան Տիգրան Եգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ 7 միլիոն դրամը, այսինքն՝ օրենքով սահմանված առավելագույն փոխհատուցումը պատասխանողներից, նվազագույնն է, որ տվյալ դեպքում կարելի է պահանջել:
«Առավելագույնն է պահանջվել, որովհետև կազմակերպվել է համակարգված գրոհ մեր վստահորդի նկատմամբ, և դա կատարվել է վարչական ռեսուրսի գործադրմամբ», – ասել է Եգորյանը:
Այն, որ ոստիկանապետի խորհրդականը հետագայում հայտարարել է, թե ինքը գրառումները կատարել է իր անձնական էջից և չի ներկայացրել Ոստիկանությունը, Եգորյանի խոսքով, ընդամենը կենցաղային հնարամտություն է:
Հայցվորի մյուս ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել է, որ պաշտոնյաները, բացի վիրավորելուց, խտրականություն են ցուցաբերել Օվսյաննիկովայի հանդեպ որպես կնոջ և որպես ազգությամբ ռուսի, իսկ Հայաստանի Հանրապետությունը տարբեր միջազգային պայմանագրերով պարտավորվել է բացառել խտրականությունը:
«Բոլորովին պատահական չէ, որ թեև նա ազգությամբ ռուս է, փորձվել է Ելենային ներկայացնել որպես ուկրաինացի՝ դրանով ակնարկելով, որ Հայաստանում տեղի է ունենում Մայդան՝ արտաքին ուժերի ազդեցությամբ», – ասել է Լուսինե Հակոբյանը:
Կնոջ ներկայացուցչի խոսքով՝ պաշտոնյաները նպատակ են ունեցել նաև պախարակել ակցիան և մարդկանց հետ պահել դրան մասնակցելուց:
Այսօր գործով առաջին դատական նիստին չէր ներկայացել ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, իսկ նիստին ներկա ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գոռ Հարությունյանը չի կարողացել պատասխանել դատարանի հարցին՝ արդյոք Պողոսյանը պատշաճ ծանուցված է եղել, թե ոչ:
Դատական նիստը հետաձգվել է։
Լուսանկարը՝ Ելենա Օվսյաննիկովայի «Ֆեյսբուքի» էջից