Գլխավոր / Հայաստան / Անշարժ գույքի ոլորտի ցուցանիշը հավատ չի ներշնչում․ տնտեսական աճի մասին

Անշարժ գույքի ոլորտի ցուցանիշը հավատ չի ներշնչում․ տնտեսական աճի մասին

Մի շարք ցուցանիշներ հուշում են, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացվող այս տարվա տնտեսական աճի ցուցանիշները (2015-ի երկրորդ եռամսյակում 5.1 տոկոս տնտեսական աճ) կարող են կասկածի տակ դրվել։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։

«Իմ կարծիքով՝ տնտեսական աճը չի համապատասխանում իրական վիճակին, որովհետև մենք ցուցանիշների անկում ենք արձանագրել, ըստ էության, կարևորագույն ոլորտներում, որոնք ապահովում են ու ապահովել են Հայաստանի տնտեսական աճը։ Օրինակ, մասնավոր տրանսֆերտները, որոնք տարիներ շարունակ ապահովել են բարձր ազդեցություն տնտեսական աճի վրա։ Դրանք քիչ չեն, վերջին տարիներին կազմել են ՀՆԱ֊ի գրեթե 15 տոկոսը։ Մասնավոր տրանսֆերտը Հայաստանում վերածվում է սպառման, սպառումը ենթադրում է արտադրության աճ, մասնավորապես, տեղական արտադրության աճ, ծառայությունների ոլորտի աճ, ինչպես նաև վերածվում են խնայողությունների և ներդրումների։ Եթե տրանսֆերտները կրճատվել են, ուրեմն էդ չափով կրճատվել են սպառումն ու խնայողությունները։ Այսինքն, այս գործոնի ազդեցությունը տնտեսության վրա բացասական է եղել», ֊ ասել է Աշոտ Եղիազարյանը։

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում բացասական իրավիճակը կարելի է զգալ ներմուծման կրճատմամբ, որը կազմել է 20 տոկոս։ Տնտեսագետն ուշագրավ է համարում նաև անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում հրապարակված պաշտոնական ցուցանիշը։

«Նախորդ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով այդ ցուցանիշը ՀՆԱ կառուցվածքում կազմել է 81 միլիարդ, իսկ այս տարվա 2 եռամսյակների կտրվածքով՝ 135 միլիարդով ավելացել է, որը, ըստ էության, ապահովել է ներկայացված ՀՆԱ-ի աճի կեսը։ Ի՞նչ է տեղի ունեցել անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում, ես դրա բացատրությունը չունեմ։ Եթե որևէ մեկն ունի, թող ներկայացնի դրա բացատրությունը։ Ես կոնկրետ այս ցուցանիշի մասով կարող եմ ասել, որ դա հավատ չի ներշնչում», ֊ ասել է Եղիազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Tekali Taxi