Home / Հայաստան / ՀՀ քաղաքացիներին կոչ են անում հանրաքվեի ընթացքում դիտորդ դառնալ՝ կանխելու կեղծիքները

ՀՀ քաղաքացիներին կոչ են անում հանրաքվեի ընթացքում դիտորդ դառնալ՝ կանխելու կեղծիքները

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մշտապես ուղեկցվում են կոպիտ խախտումներով, որոնք ոտնահարում են քաղաքացիների ազատ կամարտահայտման ու հավասար ընտրական իրավունքը և արգելակում ժողովրդի իշխանության լիարժեք իրացումը: Այս մասին ասված է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարության մեջ, որն անդրադառնում է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Նախաձեռնությունը նշում է, որ վերջին տարիներին հատկապես ակտիվորեն սկսել է օգտագործվել Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվին՝ մասնակցության թվի և ընտրությունների արդյունքների կեղծման գործիքը: Ըստ այդմ, հայտարարության հեղինակները չափազանց կարևոր են համարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողությունը և դրանում քաղաքացիների ուղղակի և զանգվածային ներգրավումը:

««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը նախատեսում է համախոհ գործընկերների հետ իրականացնել լայնածավալ դիտորդական առաքելություն Հայաստանի ողջ տարածքում՝ կանխելու իրավախախտումները և վերահսկելու հանրաքվեի գործընթացի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր կիսում են այս մտահոգությունը և շահագրգռված են արդար և ազատ ընտրություններով, միանալ մեր դիտորդական առաքելությանը՝ հանդես գալով որպես հավատարմագրված դիտորդ կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ համատեղ ջանքերով կանխարգելելու հանրաքվեի ընթացքի խաթարումը և արդյունքների կեղծումը:

Դիտորդների համար նախապես կկազմակերպվի դասընթաց և կտրվի իրավաբանական խորհրդատվություն: Իրավախախտումները կբողոքարկվեն համապատասխան մարմիններում։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են լինել քաղաքացի-դիտորդ, խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 27-ը ժամը 18:00-ը տեղեկացնել [email protected] էլեկտրոնային փոստով, կամ զանգահարել 094 553069 հեռախոսահամարով», ֊ նշում է նախաձեռնությունը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կազմակերպությունների կոալիցիա է, որը ստեղծվել է 2013 թվականի մայիսին: Նախաձեռնության կազմի մեջ են մտնում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները:

Tekali Taxi