Home / Տեսանյութեր / Մոնոպոլիաները խեղդում են, բուֆետի սննդից եք խոսում․ պատգամավորը՝ չինովնիկին

Մոնոպոլիաները խեղդում են, բուֆետի սննդից եք խոսում․ պատգամավորը՝ չինովնիկին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հաշվետվություն ներկայացնելով, ասել է, որ հակամրցակցային գործողությունների բազմաթիվ դեպքեր են եղել կրթական հաստատություններում սննդամթերքի ձեռքբերման ընթացակարգերում:

Այս հայտարարությունը զայրացրել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին․ «Ամբողջ երկրի տնտեսությունը խեղդված է մոնոպոլիաների մեջ, դուք մեզ հետ խոսում եք բուֆետների սննդից: Բենզինի, շաքարավազի, հացահատիկի, դեղորայքի․․․ դուք շարունակեք, էլ ո՞ր ոլորտում կա մոնոպոլիա: Ամբողջ աշխարհում բենզինի գներն ընկնում են, մեզ մոտ՝ բարձրանում: Դուք ասեք՝ այս ոլորտներում որևէ խախտում հայտնաբերե՞լ եք, կոնկրետ, խնդրում եմ»:

Շաբոյանը պատասխանել է, որ բենզին ներկրող երկու կազմակերպություն կա, ոչ թե մեկ, և հանձնաժողովը հետևում է՝ ինչպես են այդ երկու ընկերությունները գին որոշում: Դեղորայքի ոլորտին անդրադառնալով՝ չինովնիկը նկատել է, որ ներկրող ընկերություններում խախտումներ հայտնաբերվել են և խախտողները տուգանվել են:

«Այդ թվում նաև «Նատալի ֆարմը»»,- ասել է Շաբոյանը, թեև այդ ընկերության մասին հարց չէր բարձրացվել: Նշենք, որ «Նատալի ֆարմը» պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Լրագրողների հետ զրույցում Շաբոյանն արտասանել է իր կողմից մշտապես կրկնվող նախադասությունը․ «Չկան մենաշնորհներ, ուղղակի որոշ ընկերություններ ունեն գերիշխող դիրք։ Մենք նպատակ չունենք ճնշել խոշոր ընկերություններին, մեր նպատակը մրցակցության ապահովումն է»:  

Tekali Taxi