2013 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Թերթը նշում է, որ ըստ այդմ՝ եթե Օրենբուրգում գազն էժանանա, ապա պետք է էժանանա նաև Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը:
«Իրավիճակի հմայքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուսական ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է դոլարով: Ու քանի որ 2014 թվականից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, ուստի պետք է համաչափ նվազի նաև ՀՀ-ին մատակարարվող գազի գինը», ֊ գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Այսինքն եթե Օրենբուրգում 1000 խմ գազը 2014 –ին արժեր 3200 ռուբլի և դա 100 դոլար էր, ապա ներկայումս Օրենբուրգում գազը կրկին արժե 3200 ռուբլի, որը սակայն 50 դոլար է: Ըստ համաձայնագրում առկա բանաձևի՝ ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ն ռուբլու արժեզրկումից հետո պետք է արժենար ոչ թե 165 դոլար, ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար: ՀՀ էներգետիկայի նախարարությանից այս խնդրի հետ կապված հարցին ի պատասխան հայտնեցին հետևյալը. «Հայաստանին մատակարարվող գազի սակագինը այս տարվա համար արդեն իսկ նվազել է 189-ից 165 դոլարի: Ինչ վերաբերում է հետոյին, այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում»: