Home / Հայաստան / Հայկ Կյուրեղյանը հյուծված է, սակայն հացադուլը չի դադարեցնում․ «Ա1+»

Հայկ Կյուրեղյանը հյուծված է, սակայն հացադուլը չի դադարեցնում․ «Ա1+»

9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, ով 27 օր է՝ հացադուլի մեջ է, շատ հյուծված է, սակայն մտադիր է շարունակել հացադուլը։ Այս մասին «Ա1+»-ին ասել է ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և հաստատություններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը:

«Նա շատ հյուծված էր, հացադուլավորների համար նախատեսված սենյակում էր գտնվում, այլ հացադուլավորներ չկային: Իրավիճակի մասին խոսեցինք, ազատազրկված անձի իրավունքների մասին մի քանի պարզաբանումներ տվեցինք: Ասեց, որ դիմում է ներկայացրել ՔԿՀ պետի անունով, սակայն բովանդակության մասին ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայկ Կյուրեղյանը նշել է, որ բուժակը պարբերաբար այցելում է նրան, չափում է ճնշումը:

«Բուժակը մեզ հետ էլ հանդիպելիս ասաց, որ շատ երկար չի կարող հացադուլի մեջ մնալ, որովհետեւ որոշակի բացասական հետևանքներ կթողնի առողջության վրա»,- ասել է Ռուբեն Սարգսյանը:

Ավելի վաղ Կյուրեղյանին էր այցելել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Հայկը ֆիզիկապես հյուծված էր, հոգեպես ամուր: Պետք է ամեն ինչ անել, որ նա օր առաջ դադարեցնի հացադուլը», ֊ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ որդու առողջական ծանր վիճակի մասին հայտարարություն էր տարածել նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։ 

«Լինելով չծխող, միաժամանակ գտնվելով փակ և գերբեռնված տարածքում, որտեղ կալանավորների թիվը եռակի ավելի է (17 հոգի), ուր քնում են հերթափոխով, չկա պատշաճ օդափոխություն, արդյունքում առաջանում է թթվածնային քաղց՝ Հայկը ձեռք է բերել ալերգիա ծխի նկատմամբ և խրոնիկական հազ: Հարազատների դիմումից հետո Հայկը ստացել է թերի բուժում, որը դադարեցվել է՝ պատճառաբանելով, որ չկա համապատասխան մասնագետ: Այժմ Հայկը ծայրահեղ հյուծված վիճակում է, նրա առողջությունը և կյանքը վտանգված են, բայց նրա ոգին ու կամքը՝ անկոտրում», ֊ մասնավորապես, գրել էր Արմենակ Կյուրեղյանը:

Tekali Taxi