Home / Հայաստան / ԱՄՆ֊ի Կոնգրեսը կքննարկի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը

ԱՄՆ֊ի Կոնգրեսը կքննարկի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը

ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն չորեքշաբթի՝ դեկտեմբերի 16֊ին, ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մուտքի արտոնագրեր տրամադրելու արգելքի վերաբերյալ օրինագիծ, փոխանցում է Contact.az կայքը։

Կոմիտեի նախագահ, կոնգրեսմեն Քրիս Սմիթն (լուսանկարում) օրինագիծը ներկայացրել է ադրբեջանցի հետաքննող լրագրող Հադիջա Իսմայլովայի կալանավորման գործի վերաբերյալ լսումների ժամանակ։

«Մենք ընդունում ենք՝ մեր կապերը կարևոր են ազգային անվտանգության ու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, սակայն ԱՄՆ֊ը այլևս չի կարող անտեսել Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների սարսափազդու ոտնահարումները»,֊ ասել է Սմիթը։

14֊էջանոց օրինագիծը հանձնվել է Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողով․ փաստաթուղթը Կոնգրեսում դրվելու է համընդհանուր քննարկման, ու գործընթացը կարող է ամիսներ տևել, նշում է աղբյուրը։

Կոնգրեսմեն Սմիթը, ով, ըստ Contact.az֊ի, «Ադրբեջանում մարդու իրավունքների ակտիվ կողմնակից է», ասել է՝ նախագծի նպատակն է «խրախուսել ու խթանել Ադրբեջանի՝ ճիշտը խոսել ցանկացող քաղաքացիների ազատությունը»։

Օրինագծի ընդունման դեպքում, արգելք կդրվի Ադրբեջանի ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին ու նրանց ընտանիքներին, իրավապահ, անվտանգության ու դատական մարմինների աշխատակիցներին մուտքի արտոնագրեր տրամադրելու վրա, ինչպես նաև այն անձանց ու նրանց ընտանիքների անդամներին, ովքեր ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի իշխանությունների հետ ու նրանցից նշանակալի ֆինանսական միջոցներ ստանում։ Բացառություն է արվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող պաշտոնատար անձանց համար։

Փաստաթուղթը նախատեսում է արգելք ամերիկյան ծրագրերի միջոցով վարկավորման, ապահովագրման ու ֆինանսավորման, ինչպես նաև Ադրբեջանին տրամադրվող բազմակողմանի ֆինանսական օգնության համար։ Օրինագծում նշված է նաև, որ բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ամերիկյան ակտիվները պետք է արգելափակվեն։ Փաստաթղթի հեղինակներն ԱՄՆ նախագահին կոչ են անում համատեղ ռազմավարություն մշակել եվրոպական կառույցների հետ ու Ադրբեջանի դեմ կիրառել նմանատիպ եվրոպական պատժամիջոցներ ևս։

Տվյալ պատժամիջոցները, ըստ փաստաթղթի, կարող են վերացվել, եթե Ադրբեջանի կառավարությունը զգալի առաջընթաց գրանցի քաղբանտարկյալների ազատման, քաղաքացիական հասարակության հալածանքների դադարեցման, ազատ ու արդար ընտրությունների անցկացման հարցում։

Tekali Taxi