Home / Հայաստան / Բանակում զոհված զինվորների ծնողները նամակներ են հանձնում դեսպանատներին ու միջազգային կառույցներին

Բանակում զոհված զինվորների ծնողները նամակներ են հանձնում դեսպանատներին ու միջազգային կառույցներին

Խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողները Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակին  և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին այսօր նամակներ են հանձնել՝ ներկայացնելով իրենց կողմից բարձրացվող խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը: 

«Վերջապես թող և՛ Մեծ Բրիտանիայի, և՛ ուրիշ դեսպանատներ տեղեկացված լինեն, թե ինչ ա կատարվում Հայաստանում», – ասել է 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Զոհված 5 զինծառայողների ծնողների դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է, որ իրենք տարիներ շարունակ պայքարում են իրենց զավակների մահվան փաստով հարուցված քրեական գործերով արդյունավետ քննություն իրականացնելու համար, սակայն մինչ օրս ոչ մի արդյունքի չեն հասել՝ մեղավոր անձինք մինչև այժմ չեն բացահայտվել և չեն ստացել իրենց պատիժը: Նամակի մեջ նշվում է նաև, որ ՀՀ նախագահի նստավայրի մոտ անցկացվող իրենց բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանները խոընդոտներ են ստեղծում: Ծնողներն ակնկալում են օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կառույցների գործուն աջակցությունը՝  խնդիրը լուծելու նպատակով:

Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում 2001 թվականին զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը,  ասել է, որ հետագայում ցանկանում են նաև դիմել այլ երկրների դեսպանատներ։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ծնողները հերթական ակցիայից հետո դիմել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակին: Նրանք նշել էին, որ ցանկանում են ապաստան ստանալ, ապա ասել են, որ նպատակ ունեն իրենց ձայնը լսելի դարձնել ու լայն հնչեղություն հաղորդել խնդրին:

Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայըս Մորզը խնդրել էր զոհվածների ծնողներին իրենց պահանջը գրավոր դեսպանատուն ներկայացնել: 

Tekali Taxi