Մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում և Բագրատաշեն գյուղում կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ իրացնելու կասկածանքով ձերբակալել են Գևորգ Սարգսյանին (հայտնի է Ջունգլ մականունով), վերջինիս քրոջ որդի Սամվել Ղուկասյանին և սիրիայի քաղաքացի Մուհակ Արաբանիին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ Ղուկասյանը կալանավորվել է, իսկ մյուս երկուսը ազատ են արձակվել:
Գևորգ Սարգսյանը և Սամվել Ղուկասյանն այժմ անցնում են ղարաբաղյան պատերազմի վետերան, 52-ամյա Վարդան Թումանյանի գործով: Վերջինս մահացել էր նրանց կողմից ծեծի ենթարկվելուց մեկ օր անց։ Գործի շրջանակներում Սարգսյանն ու Ղուկասյանը ձերբակալվել էին, սակայն հետագայում ազատ արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց, քանի որ գործի շրջանակներում անցկացված երկրորդ փորձաքննության արդյունքները ցույց էին տվել, որ Թումանյանը բնածին արատ է ունեցել։ Թումանյանի հարազատները պնդում են, որ Սարգսյանն ու Ղուկասյանը հովանավորներ ունեն, բացի դա փորձաքննության նման արդյունք ստանալու համար կաշառք են վճարել։
Լուսանկարում՝ Գևորգ Սարգսյանը և Սարգիս Ղուկասյանը