Home / Տեսանյութեր / «Սսկվեք, ոչ թե մարդկանց ձեր ստրուկը սարքեք»․ Ասպիրանտը՝ Աշոտյանին

«Սսկվեք, ոչ թե մարդկանց ձեր ստրուկը սարքեք»․ Ասպիրանտը՝ Աշոտյանին

Կոպենհագենի համալսարանի ասպիրանտը հորդորել է Արմեն Աշոտյանին պետպատվերի փողերը հետ ուզելու փոխարեն մարզերում այնպիսի պայմաններ ստեղծել, որ շրջանավարտներն իրենց կամքով գնան աշխատելու:

Ասպիրանտ Բյուրակն Իշխանյանն իր բլոգում անդրադարձել է Ազգային ժողովում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկած նոր օրինագծին, ըստ որի պետության կողմից ֆինանսավորվող շրջանավարտը պարտավոր կլինի առնվազն 3 տարով կառավարության կողմից գործուղվել այս կամ այն բնակավայր՝ որևէ աշխատանքի, որը չկատարելու դեպքում ուսանողը կպարտավորվի վերադարձնել իր համար պետության կողմից ծախսված գումարի կրկնապատիկը։

«Ութ տարի պետության հաշվին սովորել եմ, հետո խաբել-թռել եմ, որովհետև մարզում չեմ աշխատել, տո Երևանում էլ համարյա չեմ աշխատել: Երբ 2009-ին կարմիր դիպլոմով ավարտեցի բժշկական համալսարանը, գնացի հոգեբուժության կլինիկական օրդինատուրա: Երկու տարում ես ոչինչ չսովորեցի, բացի մի քիչ գիտություն անելուց (ինչը, ի դեպ, ամբիոնի վարիչը չէր խրախուսում) ու նրանից, որ Հայաստանում մնալ չեմ ուզում: Երկու տարի անց պետությանը խաբեցի ու մարզում աշխատելու փոխարեն իրերս հավաքեցի, գնացի Եվրոպայում սովորելու։ Երկու տարի Եվրոմիության հաշվին սովորեցի: Իսկ երբ ավարտեցի, ոչ ոք վրաս մատ թափ չտվեց, թե՝ պարտավոր ես պետությանը ծառայել, գնա, էսինչ երկրում աշխատի»:

Կրթություն ստանալուց հետո, այնուամենայնիվ, Բյուրակնը վերադարձել է Հայաստան և փորձել մարզային որևէ հիվանդանոցում հոգեբույժի աշխատանք գտնել․ «Պիտի որ խնդիր չլիներ, որովհետև լիքը թափուր աշխատատեղերի հայտարարություններ կային: Ու թքած, որ եվրոպական դիպլոմս Հայաստանում ոչ մեկի ոչ մի տեղին չէր. դրանով գործ ճարելու հույս ընդհանրապես չկար: Կներեք, որ փորձեցի էնպիսի բնակավայր ընտրել, որտեղից մայրաքաղաքն ամեն շաբաթ-կիրակի հասանելի էր: Կներեք, որովհետև Երևանում եմ մեծացել, ծնողներս էլ են Երևանում մեծացել, ու մարզերում ոչ մեկի չեմ ճանաչում: Ու մարզերում ոչինչ չի կատարվում: Ու կներեք, որ մի քիչ շատ բան էի ուզում՝ միջին աշխատավարձ»:

Իշխանյանը նշում է, որ այդպես էլ մարզերում աշխատանք չգտնելով նա գործի է ընդունվել Նուբարաշենում՝ իր պատկերացրածից 3 անգամ ցածր աշխատավարձով։ Որոշ ժամանակ նման պայմաններում աշխատելուց հետո մասնագետը վերադարձել է Դանիա․ «Դիպլոմը Դանիայում պետք եկավ: Էդ դիպլոմը, որի երեսին Հայաստանում նայել չէին ուզում, ինձ բարձր աշխատավարձով աշխատանք տվեց: Դե հա, Եվրոմիությունն ինչո՞ւ հետևիցս ընկներ, իր փողերը հետ ուզեր: Վստահ էր, որ էնպիսի աշխատանքային պայմաններ է ստեղծելու, որ ինքս եմ ուզենալու աշխատել: Հիմա հարգելի Աշոտյան, պետպատվերի փողերը հետ ուզելու ու կոռուպցիոն ռիսկերը մեծացնելու փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի մարզերում էնպիսի պայմաններ ստեղծվեին, որ շրջանավարտները վազելով գնային մարզեր: Էլի կսկսեք, թե՝ պետությունը փող չունի, սենց-նենց: Պետությունը փող չունի, ուրեմն սսկվեք, նստեք ձեր տեղները, ոչ թե մարդկանց ձեր ստրուկը սարքեք»,- գրում է Կոպենհագենի համալսարանի ասպիրանտը:

Բլոգի գրառումն ամբողջությամբ՝ այստեղ

Tekali Taxi