Գլխավոր / Հայաստան / Պատժամիջոցներ ԱՄՆ֊ի նկատմամբ․ ադրբեջանցի պատգամավորը օրինագիծ է ներկայացրել

Պատժամիջոցներ ԱՄՆ֊ի նկատմամբ․ ադրբեջանցի պատգամավորը օրինագիծ է ներկայացրել

Ադրբեջանի Միլի մեջլիսի Իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը «Մարդու իրավունքների վիճակն ԱՄՆ֊ում» անունը կրող օրենսդրական նախաձեռնություն է պատրաստել։

Փաստաթուղթը գրվել է ի պատասխան ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի՝ Պետդեպում մեկ շաբաթ առաջ ներկայացրած «2015 թվականին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» օրինագծին, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարումների համար։

Ադրբեջանցի պատգամավորի օրինագծում խոսվում է ԱՄՆ֊ում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև՝ ռասայական ու կրոնական խտրականության մասին։ Ռզաևը, վկայակոչելով ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված տեղեկությունները, պնդում է, որ Ամերիկայի հատուկ ծառայությունները լիակատար վերահսկողություն են հաստատել հասարակության վրա՝ սահմանափակելով խոսքի ու մամուլի ազատությունը։

Օրինագծում նշվում է նաև ԱՄՆ֊ում կոռուպցիայի ու ընտրակեղծիքների, երկրում ընտրական համակարգի թերակատարության ու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնի ոչ օբյեկտիվ դիրքորոշման մասին։

Ռովշան Ռզաևը, հետևաբար, առաջարկում է վիզային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանը վարկաբեկող ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների, կոնգրեսականների, սենատորների, ԶԼՄ֊ների ղեկավարների, լոբբիստական խմբերի անդամների ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Խորհրդարանին նաև խորհուրդ է տրվում ընդհատել Ադրբեջանի պետական կառույցների բոլոր կապերն ամերիկյան ընկերությունների հետ, խզել գործող պայմանագրերն ու հրաժարվել հետագա առևտրա֊տնտեսական կապերիցհամագործակցությունից։

Օրինագիծը նաև առաջարկում է դադարեցնել ամերիկյան ՀԿ֊ների գործունեությունն Ադրբեջանում՝ սառեցնելով դրանց բանկային հաշիվները։

«Այս պատժամիջոցները կվերացվեն, եթե կարգավորվեն բոլոր վերոհիշյալ խնդիրները, և ԱՄՆ֊ը հավատարմություն դրսևորի միջազգային իրավունքի նորմերին ղարաբաղյան հարցում»,֊ ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում ասել է Ռզաևը։

Միևնույն ժամանակ, օրինագծի հեղինակը նշել է, որ նախաձեռնությունը խորհրդարան դեռևս չի ներկայացրել, սակայն մտադիր է դա անել մինչև տարեվերջ։

Tekali Taxi