Home / Տեսանյութեր / Դատապարտյալը բողոքարկել է ՔԿՀ-ի ղեկավարության օգտին կայացված որոշումը

Դատապարտյալը բողոքարկել է ՔԿՀ-ի ղեկավարության օգտին կայացված որոշումը

Դատապարտյալ Արմեն Շամիրյանը և նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը բողոքարկել են «Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:

«Հրազդան» ՔԿՀ-ի պետի ռեժիմային գծով տեղակալ Սամվել Բաբայանի և նույն ՔԿՀ-ի մեկ այլ աշխատակից Լեոնիդ Մկրտչյանի դեմ հաղորդում տված դատապարտյալ Արմեն Շամիրյանը հայտնել էր, որ ինքն ու Բաբայանը «Հրազդան» ՔԿՀ֊ի կալանավորների շրջանում բջջայիններ սպառելու մասին պայմանավորվածություն են ունեցել։ Շամիրյանի հարազատները հեռախոսները գնել են, և Սամվել Բաբայանի աջակցությամբ դրանք ներս են բերվել «Հրազդան» ՔԿՀ։

Դատապարտյալի պնդմամբ՝ մինչև շահույթի ստացումը նրան տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ, ինչի պատճառով նա զրկվել է իր բաժին գումարից:

Դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, սակայն մեկ տարի անց՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին, ՀՔԾ ավագ քննիչ Գ. Բեգոյանի կողմից որոշում է կայացվել կարճել հարուցված քրեական գործը:

2016 թվականի հունվարի 11-ին Արմեն Շամիրյանը բողոքարկել է որոշումը՝ դրա անհիմն լինելու հիմքով: Բողոքում նշվում է, որ կատարված քննությունն ի սկզբանե նպատակ չի ունեցել պատասխանատվության ենթարկելու հանցագործություն կատարած անձանց, քանզի քննիչը, ունենալով իրար հակասող ապացույցների երկու աղբյուր, հիմնվել է միայն քրեակատարողական հիմնարկի ծառայողների ցուցմունքների վրա։ Շամիրյանը նշում է, որ իր և իր հարազատների կողմից տրվել են տրամաբանական և ներքին հակասությունից զերծ ցուցմունքներ, ինչը չի կարելի ասել Քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից տրված ցուցմունքների մասին: Ինչպես նշված է բողոքում, կատարված քննությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հատուկ քննչական ծառայության «միակ հույսը» քրեակատարողական ծառայողների ազնիվ խոստովանությունն է եղել: Բացի դրանից, այն դատապարտյալները, որոնք ներքաշված են եղել վերոնշյալ գործարքի մեջ որպես գնորդներ կամ ուղղակի ականատեսներ, անվտանգության նկատառումներից ելնելով, պիտի խուսափեին ասել ողջ ճշմարտությունը, քանի որ ենթադրյալ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձինք շարունակում են պաշտոնավարել նույն ՔԿՀ-ում:

«Այսպիսով՝ Արմեն Շամիրյանը և նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված բողոքով պահանջել են՝ վերացնել ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գ. Բեգոյանի կողմից կայացված որոշումը, գործն ուղարկել նախաքննության՝ դրա կատարումը հանձնարարելով մեկ այլ քննիչի», ֊ նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Արմեն Շամիրյանին սպառնացել էին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավել, եթե վերջինս հետ չվերցնի իր ցուցմունքը։

Tekali Taxi