Home / Հայաստան / Արագածավանում «անբարյացկամ հարաբերությունները» երկու զոհի և մեկ վիրավորի պատճառ են դարձել

Արագածավանում «անբարյացկամ հարաբերությունները» երկու զոհի և մեկ վիրավորի պատճառ են դարձել

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում երկու անձի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեկ կասկածյալ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կողմիտեն։

Ձերբակալվածը 35-ամյա Սեդրակ Ղ․֊ն է, ով, քննության նախնական վարկածի համաձայն, փետրվարի 3-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արագածավանի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում վիճաբանել է գյուղի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Խամոյանի և 48-ամյա Վարդգես Գալստյանի հետ ու, հրացանից կրակելով, սպանել է նրանց։ Վիճաբանության վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա Արման Խ․֊ն, ով Արտյոմ Խամոյանի եղբորորդին է։

Ոստիկանությունը, իր հերթին, հայտնում է, որ սպանությունից հետո՝ փետրվարի 4-ին, ժամը 02.30-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արագածավան գյուղում ավտոմեքենաներ են այրվում: Ըստ ոստիկանության՝ Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ հրկիզել էր Համլետ Դ.-ի հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները և Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը:

Քննչական կոմիտեն նշում է, որ գյուղում վեճը ծագել է «նախկինում ձևավորված անբարյացկամ հարաբերությունների պատճառով»։

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։

Tekali Taxi