Home / Հայաստան / Երևանի փողոցներում ապրում է շուրջ 300 անօթևան. «ՀԺ»

Երևանի փողոցներում ապրում է շուրջ 300 անօթևան. «ՀԺ»

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է: Նրանցից 300-ը ապրում է փողոցներում և միայն 103-ն է ապրում անօթևանների ժամանակավոր կացարանում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթի հաղորդմամբ՝ անօթևան մարդիկ հիմնականում ապրում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մոտ, Երկաթգծի կայարանի հարևանությամբ, Մետրոյի «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա անցումում կամ Կիևյան կամրջի տակ:

Անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը, թերթի հետ զրույցում հայտնել է, որ իրենց հաստատությունում հնարավորություն կա ընդունելու ընդամենը 100 հոգու: Վերջինիս խոսքով՝ դեռևս չկա սահմանում, թե ով կարող է համարվել անօթևան:

«Ժամանակավոր կացարան ընդունվում են փողոցում հայտնված այն մարդիկ, որոնք իրենք են դիմում, որոնց վերաբերյալ ստացվում է ահազանգ կամ որոնք տեղափոխվում են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցների կողմից», – ասել է Խաչատրյանը:

Տնօրենի դիտարկմամբ՝ իրենց շահառուներն այդ կարգավիճակում են հայտնվում հիմնականում սոցիալական ծանր պայմանների ու հարբեցողության պատճառով:

«Անօթևաններին, ըստ գործող կարգի, կացարան են ընդունվում երեք ամիս ժամկետով: Այդ ընթացքում օթևանի տնօրինությունը փորձում է նրանց համար աշխատանք գտնել, վտարվածներին վերադարձնել ընտանիք», – գրում է թերթը:

Tekali Taxi