Գլխավոր / Տեսանյութեր / Ոստիկանությունից պահանջում են բացահայտել քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրած անձանց անունները

Ոստիկանությունից պահանջում են բացահայտել քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրած անձանց անունները

15 հասարակական կազմակերպություններ և անհատներ պահանջում են բացահայտել 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանների անունները։

Հայտարարության հեղինակները նշում են, որ hունիսի 23-ին ոստիկանների կողմից հարձակման և ծեծի են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ, ինչպես նաև լրատվամիջոցների աշխատակիցներ: Կոտրվել կամ վնասվել են վերջիններիս տեսանկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ: Ընդհանուր առմամբ Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 200 ցուցարար և 13 լրագրող ու օպերատոր:

«Ոստիկանների անհամաչափ ուժի կիրառման, փաստերը տեսանկարահանվել և տարածում են գտել սոցիալական ցանցերում, տարբեր լրատվամիջոցների կայքերում: Թեև այդ տեսանյութերում և լուսանկարներում բացահայտ երևում է, թե ովքեր են անօրինական գործողություններ և բռնություն կիրառողները (դրանք ներկայացված են նաև սույն փաստաթղթին կցված հավելվածում) սակայն նրանց ինքնության վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն չի տրամադրում, դրանով իսկ օգնելով նրանց խուսափել պատասխանատվությունից։

Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ 2015թ. հունիսի 23-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած, վատ վերաբերմունք դրսևորած, ոստիկանների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի նկատմամբ հանրային արդյունավետ վերահսկողություն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք.

– Գործուն միջոցներ ձեռնարկել լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար, և նրանց վերաբերյալ տեղեկությունները տրամադրել գործում ներգրավված քաղաքացիներին, նրանց փաստաբաններին և հանրությանն ընդհանրապես։

– Կոչ ենք անում անհատներին, հասարակական կազմակերպություններին, ակտիվիստներին և ողջ հանրությանը միանալ սույն հայտարարությանը և դրսևորել հանրային պահանջ 2015թ. հունիսի 23-ի դեպքերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», ֊ նշում են հայտարարության հեղինակները։

Հայտարարությունը ստորագրել են․

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Կրթության Ասպարեզ» ՀԿ

«Մենք Պլյուս» սոցիալական ՀԿ

«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ

«Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Արաքս Մելքոնյան-փաստաբան

Տիգրան Սաֆարյան-փաստաբան

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

Լիլիթ Հովհաննիսյան-անհատ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դավիթ Սիմոնյան-անհատ

«Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ

Tekali Taxi