Զինվորական հերթապահության ժամանակ իր ոտքին կրակած զինվորին շարունակում են պահել կալանքի տակ։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է կալանավորված Սարգիս Սահակյանի քույրը՝ Լիանա Սահակյանը։
«Մենք դիմել էինք Վերաքննիչ դատարան՝ խնդրելով խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով կամ ստորագրության դիմաց ազատմամբ, որովհետև եղբայրս 4-րդ վիրահատությունից հետո դեռ չի ապաքինվել և ունի լուրջ առողջական խնդիրներ։ Փետրվարի 9-ին Վերաքննիչ դատարանը դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ մեր միջնորդությունը մերժել է, և եղբայրս շարունակում է ծանր առողջական վիճակով մնալ կալանքի տակ»,- ասել է Լիանա Սահակյանը։
Խափանման միջոց կալանքը չփոխելու որոշումը դատարանը հիմնավորել է նրանով, որ Սարգիս Սահակյանին տրամադրվում է համապատասխան բուժօգնություն։
Զինվորի քույրը, սակայն, այլ բան է պնդում․ «Նրան չեն կարող բավարար բուժօգնությունը ցույց տալ, որովհետև օրվա ընթացքում 2 անգամ վաննաներ պետք է ընդունի, վերքն անընդհատ պետք է դեղերով մշակել և վիրակապը փոխել։ Մենք հասկանում ենք, որ իրենք թույլ չեն տալիս Սարգիսին տանենք հիվանդանոց, որովհետև դա կարող է հետագայում մեղմացնել պատիժը։ Կոպիտ ասած, անտերության ա մատնված եղբայրս»։
Սահակյանի հարազատներն ավելի վաղ Epress.am֊ին պատմել էին, որ բանակում ֆիզիկական պատրաստվածության ժամանակ ոտքի վնասվածք ստացած Սարգիս Սահակյանին առանց լիարժեք ապաքինման դուրս էին գրել և 2015 թվականի մայիսի զինվորական հերթապահության նշանակել, որի ժամանակ զինվորի ոտքի ուժեղ ցավեր է ունեցել ու կրակել իր ոտքին։ Զինվորը համարվել էր զինվորական ծառայությանը ոչ պիտանի և զորացրվել։ 2016 թվականի հունվարի 13-ին, սակայն, Սարգիս Սահակյանը քննիչի կանչով ներկայացել է Մարտակերտի քննչական բաժին, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 363 հոդվածի 4-րդ (Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը կատարվել է զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով), 371 հոդվածի 2-րդ մասով և 268 հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։ Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Սարգիս Սահակյանին տեղափոխել են Շուշիի մեկուսարան։
Մարտի 13-ին լրանում է Սահակյանի կալանքի 2֊ամսյա ժամկետը, սակայն, քրոջ խոսքով, կալանքը կերկարացվիի, որովհետև դեռ չի ավարտվել նախաքննությունը․ «Դեռ դատարանը չունի նախաքննության արդյունքները և նշանակված չէ դատական նիստի օրը։ Ոնց հասկանում եմ, նորից պետք է երկարաձգեն ու պահեն կալանքի տակ»։