Home / Տեսանյութեր / Հայաստանում 50.000 դրամ ունենալու դեպքում ամուսինը կարող է ծեծել կնոջը

Հայաստանում 50.000 դրամ ունենալու դեպքում ամուսինը կարող է ծեծել կնոջը

Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Վարդան Ջամալյանը 11 տարի շարունակ բռնության և ծեծի է ենթարկել կնոջը՝ Նարինե Զոհրաբյանին: 2015 թվականի նոյեմբերին՝ հերթական ծեծից հետո, կինը դիմել է Ոստիկանություն: Մարտի 4-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ որոշում է ընդունվել ամուսնուն տուգանել ընդամենը 50.000 դրամով:

«Ցավդ տանեմ, դատավո՛ր ջան, որ մի հայ տղամարդը կհանդուրժեր, որ կնիկը անբարոյական կանանց հետ շփվի կամ գա տուն ու հացը պատրաստ չլինի: Դե դրա համար էլ ծեծել եմ»,- դատարանի դահլիճում իր արարքները այսպես է հիմնավորել Վարդան Ջամալյանը (նկարում՝ ձախից):

Դատախազ Շահեն Տոնոյանը իր մեղադրականում թեև նշել է, որ վերջին վեճի ժամանակ ամբաստանյալը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը և մեղադրվում է հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ: Ինչպես նաև դատական նիստին դատախազը ընթերցել է համայնքի ղեկավար Սարկիսյանի տված բնութագրականը, որտեղ վերջինս շեշտել է, որ Ջամալյանը ալկոհոլի նկատմամբ թուլություն ունի, որի պատճառով անախորժություններ է ստեղծում ընտանիքում: Այս ամենը կարծես բավական հիմք չեն տվել դատախազին՝ առավել խիստ պատիժ նշանակելու համար: Ըստ նրա՝ չկան արարքը ծանրացնող հանգամանքներ և հաշվի առնելով նաև այն, որ Ջամալյանի խնամակալության տակ են գտնվում 8 տարեկանից ցածր տարիքի 3 երեխա՝ որպես պատժաչափ առաջարկել է 50.000 դրամով տուգանել, որը հաստատվել է դատավոր Պողոսյանի կողմից:

Ջամալյանի շահերի պաշտպան Անահիտ Սաղաթելյանը ոչ մեծ ծանրության հանցանք է որակել տեղի ունեցածը: Ծեծի պատճառը, ըստ պաշտպանի, դահլիճում «բարձրաձայնելու բան էլ չէ»:

«Այստեղ կա մի հանգամանք, որի վրա ուզում եմ ծանրանալ և վեր հանել գործի էությունը: Իմ պաշտպանյալի հետ հանդիպման ժամանակ տեղեկացել եմ գործում տեղ չգտած, բայց ծեծի դրդապատճառները բացահայտող հանգամանքներ, որոնք բոլորվին ոչ լավ կողմերով է ներկայացնում տուժողին: Բայց իմ պաշտպանյալը չցանկացավ, որ դատարանի դահլիճում բարձրաձայնվեն, քանի որ իրենց երեխաների ճակատագրի վրա վատ կանդրադառնան: Տուժողի կողմից ներկայացած դելեգացիային [նկատի ունի կնոջ շահերը պաշտպանող «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիայի անդամներին և ազատ դիտորդներին-խմբ.] ասեմ, որ պաշտպանյալս խորապես իր պատճառներն է ունեցել, չեմ արդարացնում, բայց տուժող կողմի ոչ այնքան օրինական պահվածքի արդյունքում է եղել»,- հայտարարել է Սաղաթելյանը:

Փաստորեն ամուսինը պարբերաբար, տարիներ շարունակ ծեծել է կնոջը, սակայն ՀՀ քրեական օրենսգրիքի 118-րդ (Ծեծ) հոդվածով է միայն պատժվում:

Ինչու են Հայաստանում մեծ թվով ընտանեկան բռնության դեպքեր գրանցվում

Խնդիրն իր կարգավորումը չի ստանում, քանի որ, ըստ փորձագետների, Հայաստանի քրեական օրենսգրքում դեռևս չկան օրենքներ կամ ձևակերպումներ, որոնք կվերաբերեն կոնկրետ ընտանեկան բռնության դեպքերին:

Նման բոլոր դեպքերը կարգավորվում են քրեական օրենսգրքի 117 և 118 հոդվածներով: Այս դեպքերում պատիժը չափազանց մեղմ է, դատարաններն անգամ այդ հոդվածներով նախատեսված առավելագույն պատիժը՝ երկամսյա կալանքը, չեն կիրառում՝ մեղմացնելով վճիռները։

«Կանանց աջակցման կենտրոն»-ի տնօրեն Մարո Մաթոսյանի խոսքով՝ Հայաստանում գոյություն չունի հատուկ մշակված, գենդերային զգայուն քաղաքականություն ընտանեկան բռնության զոհերի համար, չկան աջակցման մեխանիզմներ և գործիքներ, չկան կառավարության կողմից առաջարկվող ծառայություններ՝ զոհերի և նրանց երեխաների համար: Ոստիկանությունը, իր հերթին, անգործություն է ցուցաբերում, չկան դեպքերը քննելու և զոհերի հետ ճիշտ վարվելու մեխանիզմներ։ Սոցիալական ծառայությունների բաժինները ևս չունեն պատրաստված մասնագետներ: Մաթոսյանը նշում է, որ այս խնդիրների հիմնական պատճառը Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունն է։

Շահանե Խաչատրյան

Tekali Taxi