Home / Տեսանյութեր / Դատավորը պնդում է՝ հանրային պաշտպանը պետք է ձևականորեն պաշտպանի Գասպարիի շահերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատավորը պնդում է՝ հանրային պաշտպանը պետք է ձևականորեն պաշտպանի Գասպարիի շահերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանրային պաշտպանը չի ցանկացել պաշտպանել Վարդգես Գասպարիի շահերը, վերջինս նույնպես դեմ է եղել, սակայն դատավոր Նելլի Բաղդասարյանը նրանց ցանկության հակառակ պնդել է, թե պաշտպանը պետք է ներկայացնի Գասպարիին, թեկուզ դա ձևականություն է։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ոստիկաններին և դատավորին վիրավորելու մեջ մեղադրվող ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով հերթական դատական նիստը։

Գասպարին դատարան մենակ էր ներկայացել, քանի որ նախորդ նիստին դատավոր Նելլի Բաղդասարյանը գործի վարույթից հեռացրել էր ինժեների պաշտաններին, ու այսօր նրանք դատական նիստի մասին չէին ծանուցվել։

Դատարանի պահանջով Հանրային պաշտպանի գրասենյակը դատարան էր գործուղել փաստաբան Լիանա Գասպարյանին։ Գասպարին, սակայն, չի ցանկացել, որպեսզի փաստաբանը պաշտպանի իր շահերը և Գասպարյանից պահանջել է հեռանալ նիստերի դահլիճից։

Հանրային պաշտպանը դատավոր Նելլի Բաղդասարյանին ասել է, որ, ըստ օրենքի, չի կարող ստանձնել մեղադրյալի փաստաբանի դերը, քանի որ վերջինս չի ընդունում իր պաշտպանությունը։ Սակայն դա չի խանգարել դատավորին հայտարարել, թե Լիանա Գասպարյանը որպես պաշտպան է ներգրավվում առանց Գասպարիի համաձայնության։

Փաստաբանը նշել է, որ այդ դեպքում գործում իր ներկայությունը ձևական բնույթ կկրի, ինչին դատավորը կարճ պատասխանել է․ «Բնականաբար»։

Դրանից հետո Վարդգես Գասպարին վրդովված բղավել է պաշտպանի վրա՝ պահանջելով լքել նիստերի դահլիճը։ Գասպարյանը, չնայած դատավորի պահանջին՝ տեղում մնալ, հեռացել է դահլիճից։

Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո որոշում է հրապարակել, համաձայն որի Լիանա Գասպարյանին պատասխանատվության ենթարկելու համար դատարանը դիմելու է Փաստաբանների պալատ:

«Քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր պաշտպանի իրավիճակ ձեռք է բերվում միայն ամբաստանյալի կամ կասկածյալի համաձայնությամբ, իսկ նման համաձայնություն մեղադրյալը չի հայտնել, և ես չեմ կարող ներկայանալ նշանակված դատական նիստին», – դահլիճը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել Լիանա Գասպարյանը։

Վերջինիս հեռանալուց հետո Գասպարին հայտարարել է, որ իր երեք պաշտպաններից և ոչ մեկը դատական նիստի մասին ծանուցագիր չի ստացել և ամենևին պարտադիր չէ, որ իր երեք պաշտպաններն էլ միշտ ներկա լինեն դատական նիստերին: Սակայն դատավորը նրան թույլ չի տվել շարունակել խոսքը։ Գասպարին հայտարարել է, որ իրեն զրկում են խոսելու իրավունքից և իրեն այլ բան չի մնում, քան պառկել։

Արդեն պառկած Վարդգես Գասպարիից դատավորը մի քանի անգամ փորձել է ճշտել, թե արդյոք վերջինս համաձայն է, որ դատը շարունակվի առանց իր պաշտպանների։ Պատասխան չստանալով՝ Նելլի Բաղդասարյանը հայտարարել է, որ Գասպարին դեմ չէ և կարելի է շարունակել նիստը։

Գասպարին բարկացած ոտքի է կանգնել՝ ասելով, թե ինքը նորից դատարան կգա այն ժամանակ, երբ իրեն կալանավորեն և կտտանքների ենթարկեն, ապա հեռացել է նիստերի դահլիճից։

Դատավորն էլ, իր հերթին, առանց մեղադրյալի և փաստաբանների շարունակել է նիստը՝ հետազոտելով է գործում առկա ապացույցները։ Բաղդասարյանը մեղադրական ճառը կարդալու հնարավորություն է տվել մեղադրող դատախազ Վահան Մանուկյանին, ով պահանջել է Գասպարիին մեղավոր ճանաչել և դատապարտել 400 հազար դրամ տուգանքի։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որպեսզի պարզի, թե արդյո՞ք Գասպարին ցանկանում է օգտվել վերջին խոսքի իրավունքից։ Մեղադրյալը հեռախոսով պատասխանել է, թե նիստին կներկայանա միայն իր պաշտպանների հետ։ Դատավորը չի առարկել և հաջորդ նիստը նշանակել է մարտի 21-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ, մասնավորապես, ասելով «մարդասպաններ», «սրիկաներ», «Դուք եք սպանել իմ եղբայրներին մարտի 1-ին»։

Tekali Taxi