Home / Հայաստան / Բնակիչները պայքարում են իրենց բնակարանների համար. փաստաբանը շոու է տեսնում

Բնակիչները պայքարում են իրենց բնակարանների համար. փաստաբանը շոու է տեսնում

«Լոքալ դեվելոփերզ» ընկերությունը պարտադրում է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանին լքել իր բնակարանը։ Բնակիչը համաձայն չէ ընկերության առաջարկած փոխհատուցման հետ և պատրաստ է պայքարել իր իրավունքների համար։ Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում կայացել է գործով հերթական դատական նիստը։

Գերավետյանի շահերի պաշտպան Ալինա Ավետիսյանը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը՝ նշելով, որ Հյուսիսային պողոտայի մոտ գտնվող Տերյան 23 շենքի բնակիչների և գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերզ» ընկերության միջև այս պահին բանակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ներկայացուցիչները։

«Հաշվի առնելով այն, որ բանակցությունները ընթանում են ամբողջ շենքի հետ, ուստի խնդրում եմ հետաձգել դատական նիստը, որ կողմերը համաձայնության գան», – ասել է Ավետիսյանը:

Փաստաբանը նշել է, որ բանակցությունների արդյունքում պարզ կդառնա նաև առաջարկած փոխհատուցման իրական չափը:

Դատավոր Ալվարդ Հունանյանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը: Դատավորի հարցին, թե Ավետիսյանը տեսնու՞մ է հաշտության հեռանկար, փաստաբանը դրական է պատասխանել:

«Ես հեռանկար չեմ տեսնում, բացի այդ էլ ոչ մի բանակցություն էլ չի ընթանում: Չկա տենց բան: Մենք էլ բանակցելու բան չունենք», – Գերավետյանի պաշտպանին հակադարձել է «Լոկալ Դեվելոփերզ»-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը (լուսանկարում):

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սիրունյանը նշել է, որ դատավարության ընթացքի անընդհատ ձգձգումը դատավարական անբարեխղճության արդյունք է, և մյուս կողմն ուղղակի ուզում է դատավարությունը շոուի վերածել: Նա ասել է նաև, որ չի հասկանում բնակիչների դժգոհությունը։ Վերջիններս պնդում են, որ առաջարկած փոխհատուցման չափը ցածր է շուկայական գներից, իսկ գումարի այլընտրանքը՝ տրամադրվող բնակարանները, վատ որակի են:

«Էդքան բարդ բան չենք ասում. մենք շուկայականից 15 տոկոսով բարձր գումար ենք տալիս: Թե գումար չեն ուզում, մենք տալիս ենք նոր շենք: Ո՞վ ա վատ նավաստրոյկա տեսել: Այսինքն, ինչի՞ պետք ա վատ լինի: Մարդ («Լոքալ դեվելոփերզի» սեփականատեր Սամվել Մայրապետյանը ֊ խմբ․) իրա գրպանից միլիոններ ա դրել, որ էդ մարդիկ նեղություն չքաշեն, վարձով չապրեն, հիմա էլ դժգոհում են: Հյուսիսային պողոտայում վատ շենք տեսնու՞մ եք», – ասել է Սիրունյանը:

Tekali Taxi