Home / Տեսանյութեր / ՄԱԿ․ առնվազն 33 զոհ, 200-ից ավել վիրավոր. Ղարաբաղում մարտերը շարունակվում են

ՄԱԿ․ առնվազն 33 զոհ, 200-ից ավել վիրավոր. Ղարաբաղում մարտերը շարունակվում են

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 4-ին էլ շարունակվում են թեժ մարտեր, հայտնում են հայկական կողմի պաշտոնական աղբյուրները: Չնայած երեկ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ միակողմանի դադարեցնում են կրակը, ղարաբաղյան կողմը նշում է, որ սահմանամերձ բնակավայրերի հրետակոծությունները շարունակվել են:

Պաշտոնական աղբյուրները ապրիլի 3-ին և 4-ին զոհերի մասին տեղեկություններ չեն հայտնում:

Ապրիլի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը 18 զոհ ունի։ Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է զոհված զինծառայողներից 4-ի անունները․

Հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37)

Գնդացրող շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան)

Հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի)

Զորամասի ԶՏ ծառայության պետ, մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)

Շփման գծում մարդկային կորուստների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացվել ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում: Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի ապրիլի 2-ին հրապարակած պաշտոնական տեղեկատվության վրա՝ զեկույցի հեղինակները նշում են, որ ապրիլի 2-ին և 3-ին առնվազն 30 զինծառայող և 3 խաղաղ բնակիչներ են զոհվել:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ոչ պաշտոնական տվյալներով՝ 200-ից ավել մարդ է վիրավորվել, իսկ հակամարտության գոտում առնվազն 14.400 մարդ է բնակվում:

Հաջորդ զեկույցը հրապարակվելու է ապրիլի 5-ին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), իր հերթին, մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության և ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետևանքներով:

«Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը,- հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը»: