Home / Հայաստան / Քաղցրաշենի խաղողագործներին կրկին խոստացել են վերադարձնել պարտքը ու չեն վճարել

Քաղցրաշենի խաղողագործներին կրկին խոստացել են վերադարձնել պարտքը ու չեն վճարել

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներին այսօր պետք է վճարեին 2015 թվականի սեպտեմբեր֊հոկտեմբերին Քաղցրաշենի գինու գործարանի կողմից մթերված խաղողի դիմաց վճարվելիք գումարները։

Epress.am֊ի հետ զրույցում խաղողագործներից Զաքար Պետրոսյանը նշել է, որ այսօր գյուղապետարանի աշխատակիցը, ում անունն ինքը չի հիշում, խոստացել էր, որ մինչև ժամը 14։00-ն պետք է հանդիպի գյուղացիներին և գումարները փոխանցի, սակայն նշված ժամից նա անհասանելի է դարձել և խաղողագործները կրկին չեն ստացել իրենց հասանելիք գումարները։

Մարդիկ համոզված են, որ իրենց նորից խաբում են․ քաղցրաշենցիները պատրաստվում են երկուշաբթի բողոքի ցույց կազմակերպել գյուղապետարանի մոտ։

«Մենք հասկանում ենք, որ պատերազմական վիճակ է ու չենք փակի կենտրոնական փողոցները, մենք էդքան բանը հասկանում ենք ու օգնություն էլ ենք ուղարկել սահման։ Մեր երեխեքն են կռվում, բայց մեզ էլ պետք է հասկանալ, որովհետև ինչքան կարելի է խաբել մեզ։ Հավանաբար, երկուշաբթի կհավաքվենք գյուղացիներով ու կորոշենք ինչ անել, բայց երևի կգնանք գյուղապետարանում մեր բողոքը կանենք»,- ասել է Պետրոսյանը։

Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանը ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։

Նրանք բողոքի ցույցեր են անցկացրել նաև ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։

Tekali Taxi