Գլխավոր / Տեսանյութեր / Հայաստանում էլէներգիայի սակագինը կարող է նվազել մոտ 10 դրամով․ տնտեսագետ

Հայաստանում էլէներգիայի սակագինը կարող է նվազել մոտ 10 դրամով․ տնտեսագետ

Հայաստանում այսօր գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հաշվարկվում է հին խորհրդային պլանային տնտեսության տրամաբանությամբ։ Այսինքն՝ ինչքան շատ ֆինանսական ծախսեր կարողանան ցույց տալ գազ և էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունները, այնքան սակագինը կբարձրանա։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում էլեկտրաէներգիայի սակագնի մասին քննարկման ժամանակ ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովը 20 մլրդ դրամի ներդրումային ծրագիր հաստատեց ՀԷՑ-ի համար։ Գիտե՞ք հիմա ինչ կլինի․ ՀԷՑ-ը կբերի, կներկայացնի այդ ներդրումները ու վերջում կասի՝ այդ ներդրումները պետք է ներառենք ծախսերի մեջ և դրանից ելնելով՝ սակագինը պետք է բարձրացվի», – ասել է Խաչատրյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովի առաջարկությունը, ըստ որի էլեկտրաէներգիայի սակագինը 3-4 դրամով պետք է նվազի, Խաչատրյանի խոսքով հիմնավորված չէ։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ գազի սակագինը պետք է լինի 100 դրամ 1խմ֊ի դիմաց՝ 156 դրամի փոխարեն, իսկ լույսը կարող է մոտ 10 դրամով իջնել», – նշել է տնտեսագետը։

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ հանդիպման մեկ այլ մասնակից, տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանն ընդգծել է, որ նախ պետք է հասկանալ, թե այժմյա սակագինը որքանով է արդարացի։

«Մենք քննարկում ենք եղած սակագինը բարձարցնելու կամ իջեցնելու խնդիրը, սակայն կա մի կարևոր խնդիր։ Նայեք հիմա եղած սակագինը, որքանով է արդարացի։ ՀԷՑ-ում այդպես էլ չարվեց հիմնական աուդիտը։ Այն, որ ՀԷՑ-ը ցույց է տվել, որ ծախսեր է արել ու դրանք դրել է սակագնի մեջ, որքանո՞վ էր հիմնավոր․ Կառավարությունը այդ հարցին ընդհանրապես չմոտեցավ․․․», – ասել է Գևորգյանը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը շատ բարձր է, իսկ աշխատավարձը՝ շատ ցածր։ Եթե այդ հարցը լուծվի, ըստ Գևորգյանի, մնացած հարցերը ինքնաբերաբար կարող են լուծվել։

Tekali Taxi