Home / Հայաստան / Նոյեմբերյանի մոտ 11 դեղատուն փակման եզրին է ոլորտում առկա մենաշնորհի պատճառով․ պատգամավոր

Նոյեմբերյանի մոտ 11 դեղատուն փակման եզրին է ոլորտում առկա մենաշնորհի պատճառով․ պատգամավոր

«Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն այնքան թանկ, որ մարդիկ իրենց հիվանդներին թողած, գնում են Վրաստանից դեղ բերելու»։ Այսօր Աժ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հարց է բարձրացրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը (լուսանկարում)։ Նա հավելել է, որ «Դեղերի մասին» երեկ ընդունված նոր օրենքը միայն ամրապնդել է մտահոգությունները դեղերի գների բարձրացման վերաբերյալ։ 

«Ես նաև Նոյեմբերյան քաղաքից մոտ 11 դեղատան աշխատողներից նամակ եմ ստացել, որ իրենք փակման եզրին են։ Նման խնդիր առաջացել է, երբ 2015 թվականից «Նատալի Ֆարմ» ընկերությունն իր մասնաճյուղն է բացել այդ քաղաքում։ Սա շատ կարևոր հարց է, քանի որ այդ դեղատներում մոտ 30 մարդ է աշխատում, և նման ոչ մրցակցային պայմաններով շարունակելու դեպքում 11 դեղատուն կփակվի, իսկ այդ սահմանամերձ քաղաքից մարդիկ կարտագաղթեն»,֊ ասել է պատգամավորը։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով Մարուքյանի հարցին, նշել է, որ Վրաստանում դեղերի գներն ավելի ցածր են, քանի որ այնտեղ չի գործում Ավելացրած արժեքի հարկ (ԱԱՀ) և դեղերի տեղափոխման տրանսպորտային միջոցներն ավելի մատչելի են, քանի որ այնտեղ նավով են բերում դեղերը, իսկ Հայաստան դեղերը հասնում են ինքնաթիռով և մեքենայով։ 

«Ինչ վերաբերում է օրենքի ընդունմանը, ապա պետք է նշեմ, որ այդ օրենքի շնորհիվ դեղերի գները պետք է նվազեն, քանի որ առաջին անգամ Հայաստանում օրենքի ուժով պետությունը խառնվելու է դեղերի շուկային և կանոնավորման գործընթաց է սկսելու Առողջապահության նախարարության կողմից փոխհատուցվող դեղերի վերաբերյալ»,- ասել է Մուրադյանը։

Նախարարը նաև հավաստիացրել է, որ նոր օրենքը նպաստելու է մենաշնորհների դեմ պայքարին, քանի որ օրենքը տարանջատում է մեծածախ և մանրածախ վաճառքը։ 
 
Ի պատասխան, սակայն, Էդմոն Մարուքյանն պնդել է, որ օրենքը նախարարի նշածների ճիշտ հակառակն է նախատեսում․ «Դուք օրենքի ուժով մեծածախ դեղերի առևտրով զբաղվող ընկերությանն ասում եք՝ միայն դու կարող ես դեղ ներմուծել ու վաճառել փոքր դեղատների վրա, որը ստեղծում  է անհավասար պայմաններ ու նոր լիցենզիաների անհրաժեշտություն, ինչն էլ նոր կոռուպցիոն ռիսկերի է բերելու»։ 

Tekali Taxi