Գլխավոր / Հայաստան / Դատարանում պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին

Դատարանում պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին

Ակտիվիստ, ծրագրավորող Արմեն Աբրոյանը (լուսանկարում՝ ձախից) դատարանից պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել ոստիկանությանը՝ 2014 թվականի հունիսի 23-ին  Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ակցիայի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտից իրեն ապօրինաբար բերման ենթարկելու համար։ Այսօր գործով հերթական դատական նիստի ժամանակ Արմեն Աբրոյանը և նրա ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը (լուսանկարում՝ աջից) դատարանին են ներկայացրել այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ակտիվիստին։

Մեկ ու կես տարի ձգվող դատաքննության ընթացքում արդեն հարցաքննվել են Արմեն Աբրոյանին բերման ենթարկած ոստիկանը և վարույթ իրականացնող ոստիկանը, ովքեր, իրավաբանի խոսքով, տվել են իրարամերժ ցուցմունքեր։

«Այսօր դատարանին ներկայացրած տեսանյութից երևում է, թե ինչպես ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները բերման են ենթարկում Արմեն Աբրոյանին, այնինչ զեկուցագիրը կազմել էր 1-ին գումարտակի ոստիկանը։ Իսկ ցուցմունքի ժամանակ զեկուցագիրը կազմող ոստիկանը նշել էր, որ ինքն է բերման ենթարկել Աբրոյանին, իսկ այսօր տեսագրության մեջ պարզ երևում է, որ դա սուտ է», — Epress.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Աբրոյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը։

Աբրոյանի ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք դատարանից պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները․ «Մասնավորապես պահանջում ենք, որ ճանաչվի խախտված իրավունքների փաստը՝ ազատ տեղաժարժվելու և կարծիքն ազատ արտահայտելու մասով, քանի որ ակցիայի ժամանակ ոստիկանությունը ապօրինաբար ձերբակալվել է ակտիվիստին և տարել է ոստիկանության բաժանմունք՝ կիրառելով վարչական ձերբակալման ռեժիմ։ Մենք սպասում ենք, որ դատարանը կճանաչի այս խախտումները և դատական ակտով իր գնահատականը կներկայացանի»։

Տեսանյութը հետազոտելուց հետո ոստիկանության ներկայացուցիչ Արուսյակ Աթանյանը նշել է, որ չի կարող ներկայացնել իր դիրքորոշումը և ժամանակ է խնդրել տեսնյութի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելու համար։

Դատավորը նիստը հետաձգել է մինչև մայիսի 27-ը։

Նշենք, որ, ըստ ոստիկանության՝ ակտիվիստներին բերման ենթարկելու հիմք է հանդիսացել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածը (ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը) չկատարելը։