Գլխավոր / Հայաստան / Էլէներգիայի սակագինը 5 տոկոսով նվազեց 15 տոկոս բարձրանալուց հետո

Էլէներգիայի սակագինը 5 տոկոսով նվազեց 15 տոկոս բարձրանալուց հետո

Էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից նվազելու է 5.3 տոկոսով, մինչդեռ նախորդ տարի այն բարձրացվել էր 15 տոկոսով։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նշենք, որ օգոստոսի 1-ից բնակչության համար ցերեկային սակագինը կազմելու է 46.2 դրամ մեկ կվտ/ժ֊ի համար նախկին 48.78-ի փոխարեն, իսկ գիշերային սակագինը՝ 36.2 դրամ 38.78-ի փոխարեն։

«Անցած տարի ասացին՝ սա ժամանակավոր երևույթ է, ՀԵՑ-ում ֆինանսական խնդիրներ կան։ Եվ այդ ճեղքվածքը կփակենք սակագնի բարձրացումով, սակայն դա ժամանակավոր երևույթ է, ասացին։ Ժամանակավոր ասելով՝ հասկանում էինք, երբ այդ ճեղքվածքը փոքրանար, սակագինը կիջներ», ֊ նշել է տնտեսագետը։

Նա նաև շեշտել է, որ ՀԷՑ֊ի կուտակած 250 միլիոն դոլարի պարտքը բնակչության պատճառով չէր, և մարդիկ ընդհանրապես չպետք է այն փոխհատուցեին։

Վահագն Խաչատրյանն ընդգծել է, որ էլէներգիայի սակագինը կարող էր ավելի շատ նվազեցվել, մինչդեռ այս պարագայում իջեցումը քաղաքացիների համար գրեթե ազդեցություն չի ունենա՝ գուցե չեզոք կամ շատ աննշան։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ ընդգծել է, որ տվյալ պարագայում սակագնի իջեցում չի եղել նաև այն պատճառով, որ եթե պետությունը օգոստոսի 1-ից դադարեցնի փոխհատուցման վճարումը բնակչությանը, դա կնշանակի, որ մարդկանց համար սակագինն իրականում բարձրանալու է։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը անցյալ տարվա օգոստոսին որոշել էր, որ այն տնային տնտեսությունները, որոնք սպառում են ոչ ավել քան 500 կՎտժ էլեկտրական էներգիա մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով կվճարեն նախկին սակագնով՝ 42 դրամով:

Tekali Taxi