Home / Հայաստան / Սուբսիդավորման սխեման․ Կառավարությունը չի ուզում ավելի էժան պարարտանյութ գնել․ «ՀԺ»

Սուբսիդավորման սխեման․ Կառավարությունը չի ուզում ավելի էժան պարարտանյութ գնել․ «ՀԺ»

Գյուղատնտեսական ոլորտում ՀՀ կառավարության կողմից կիրառվող սուբսիդավորման սխեման լավն է երևում, բայց միայն տեսականորեն։ Ինչպես է իրականում կիրառվում սուբսիդավորման սխեման, «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը։

«Արդեն տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից սուբսիդավորում է գյուղացիներին հատկացվող ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերը։ Սխեման հետևյալն է՝ մեկ պարկ պայմանական պարարտանյութն արժե, ասենք 15 հազար դրամ, գյուղացին այն գնում է 8 հազար դրամով, իսկ գնի տարբերությունը՝ 7 հազար դրամը վճաևրվում է պետական բյուջեից։ Տեսականորեն սխեման լավն է՝ գյուղացին փաստորեն յուրաքանչյուր պարկի մեջ շահում է 7 հազար դրամ։ Բայց սա՝ տեսականորեն։ Գործնականում իրավիճակը բոլորովին այլ է։ Այդ սուբսիդավորվող պարարտանյութի ներկրման թույլտվությունը կառավարությունը տվել է երկու կոնկրետ ընկերությունների՝ ««Բերրիություն» ՍՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» ընկերություններին։ Այս ընկերությունները ընտրվել են առանց մրցույթի՝ կառավարության մի որոշմամբ, և ՀՀ պետական բյուջեից նրանց արդեն վճարվել է մի քանի միլիոն դոլար։

Ու եթե չլիներ մի «աննշան» հանգամանք, ապա կարող էինք ասել, որ դե լավ է, էլի, բերում են, երևի գինն էլ հարմար է, թող բերեն։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ․ Հայաստանում գործում է «Կրեպսոն» անունով մի ընկերություն, որն արդեն ամիսներ շարունակ չի կարողանում մուտք գործել շուկա, չնայած առաջարկում է շատ ավելի լավ պայմաններ։ Իսկ պայմանները հետևյալն են։ Ներկայումս սուբսիդավորման այս ծրագրով մեկ հեկտարի պարարտացման համար անհրաժեշտ պարարտանյութի արժեքը կազմում է մոտ 154 հազար դրամ։ Դրանից 77 հազար դրամը վճարվում է պետբյուջեից որպես սուբսիդիա, իսկ մնացածը վճարում է գյուղացին։ Դա հիմնականում վրացական կամ ռուսական արտադրության պարարտանյութ է․ «Կրեպսոնի» առաջարկով նույն մեկ հեկտարը պարարտացնելու համար անհրաժեշտ է առավելագույնը 100 հազար դրամ։ Եվ եթե պետությունը նույն չափով սուբսիդավորի «Կրեպսոնի» առաջարկած պարարտանյութը, ապա գյուղացու ծախսը կրկնակի կկրճատվի։ Կամ կարելի է համամասնորեն կրճատել և՛ գյուղացու ծախսը, և՛ սուբսիդիայի ծավալը։ Կշահի և՛ գյուղացին, և՛ պետական բյուջեն։ «Կրեպսոնի» առաջարկած պարարտանյութն իսրայելական արտադրություն է։ Իսրայելը, ինչպես հայտնի է, գյուղատնտեսական տեխնոլոգիաների հզորագույն կենտրոններից է աշխարհում։ Արտադրողն էլ աշխարհահռչակ, պարարտանյութերի արտադրության մեջ մասնագիտացած «ԻՑԼ ՍՖ» կոնցեռնն է։ Անցած տարվանից «Կրեպսոնը» ոչ մի կերպ չի կարողանում ՀՀ իշխանություններին համոզել, որպեսզի վերջիններս կրճատեն ինչպես բյուջեի, այնպես էլ գյուղացիների ծախսերը։ Ընկերությունը դիմել է թերևս բոլոր ատյաններին՝ Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Սերգո Կարապետյանին, իրավապահ մարմիններին․․․ ։ Բայց ոչ մի արդյունք։ Ընկերությանը հայտնել են, թե իրենք կարող են մասնակցել մրցույթներին, բայց սուբսիդավորման այդ ծրագիրն իրականացվում է առանց մրցույթի։ Ասել են, թե «Կրեպսոնի» առաջարկած պարարտանյութը «անհայտ ծագման է»․․․։ Եվ այլն, և այսպես շարունակ։ Ամենայն հավանականությամբ այս դեպքում էլ իշխանությունները գրասենյակներում այնքան են տարվել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարով, որ կոնկրետ այսպիսի աղաղակող փաստերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չունեն»։

Գևորգյանի հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi