Home / Հայաստան / Այլընտրանք չունեցող գաղափարախոսություն՝ «Գուլիվերից» 150 տարի անց

Այլընտրանք չունեցող գաղափարախոսություն՝ «Գուլիվերից» 150 տարի անց

Հոդված՝ Ջոնաթան Սվիֆթի մասին, որին երեխաներն ավելի են սիրում, քան չափահասները

Հեղինակ՝ Վարդան Ջալոյան

Ջոնաթան Սվիֆթի մասին շատերը գիտեն, որ նա եղել է մարդատյաց, դժբախտացրել է կանաց, որ եղել է անսկզբունք՝ վիգերից անցել է տորիների կուսակցություն և այլն: Նրա մասին գոյություն ունեն բազմաթիվ հավանական և անհավանական պատմություններ, իսկ իր կենսագիրներներին հաճախ մնում է միայն ենթադրություններ անել: Մի՞թե Սվիֆթը իսկապես մարդատյաց էր: Այդ դեպքում ինչու էր խարազանում մարդկային բարքերը, եթե մարդը «յեհու» է, արհամարհելի էակ: Սվիֆթի ընկեր լորդ Բոլինբրոգը գրում է նրան. «Եթե դուք ատում եք աշխարհը, ինչպես դուք եք ասում, եւ գուցե նույնիսկ համոզված եք, որ արհամարհում եք, դուք չէիք կարող կատաղաբար մեղադրել աշխարհը»:

Ծեր տարիքում նա հայտնի բանաստեղծ Պոպին գրում է. «Ես միշտ ատել եմ բոլոր ազգերին, մասնագիտներին և համայնքներին, բայդ դա ինձ չխանգարեց սիրել անհատներին: Ամենից շատ ես ատում եմ մարդ կոչվող տեսակը, բայց դա ինձ չի խանգարում ջերմ զգացումներ ունենալ Ջոնի, Պիտերի, Թովմասի նկատմամբ … »: Ահա թե ինչ է ատելությունը յեհուների նկատմամբ, անդեմ ատելություն, ատելության առ փիլիսոփաների փառաբանած «մարդասիրությանը»:

Սվիֆթի մռայլ բնավորության մասին լեգենդներ էին պատմում: Բնութագրական է նրա դաժան կատակներից մեկը: Լոնդոնում կար Ջոն Պարտրիջ անունով գուշակ և աստրոլոգ: Համարելով աստրոլոգներին խաբեբաներ 1708 թ.-ին Սվիվթը բաց է թողնում Իսահակ Բիքերսթաֆ (Isaac Bickerstaff) կեղծանունով աստրոլոգիական գուշակությունների ալմանախ (Predictions for the Ensuing Year), ուր կանխատեսում է Պարտրիջի մահը մարտի 29-ին սուր տենդից: Հենց այդ օրը նա բաց է թողնում «Տեղեկագիր միստեր Պարտրիջի մասին», թռուցիկը, որտեղ ասվում էր, որ կանխատեսումն իրականացել է և բերվում էր բժշկի կողմից տրված մահվան վկայականը, և «ափսոսանք» հայտնվում, որ կանխատեսումը սխալվել է 4 ժամով: Դա այնքան ճշմարտանման էր թվում, որ Պարտրիջին սկսեցին այցելել հոգևորականները և դագաղագործները, իսկ գրահրատարակիչները նրան ջնջեցին հեղինակների ցուցակից: Լիսաբոնում ինկվիզիցիան համարեց «Բիքերսթաֆ կանխատեսումները» ներշնչված սատանայից, և այրեց այն: Սվիֆթը նաև բաց թողեց «Դամբանական Պարտրիջի մահվան վրա»: Արդյունքում Պարտրիջի հեղինկությունը բոլորովին ոչնչացավ:

Մահվանից առաջ նա որոշեց կատակել ոմն լորդ Օռերի (Lord Orrery) վրա: Այդ լորդը, բութ և մանրախնդիր մեկը, ամենից շատ հպարտանում էր իր գինու մառանով: Սվիֆթը իր կտակում գրում է, որ նրան է թողնում էմալապատ արծաթե իր ափսեները, որպեսզի գինու շիշը նրանց վրա գեղեցիկ երևա: Սվիֆթի մահվանից յոթ տարի հետո այդ լորդ Օռերին գրում է Սվիֆթի ինքնակենսագրությունը, որտեղ բարեկամական քողի տակ հաղորդում է բազմաթիվ զրպարտություններ: Մինչև հիմա նրա զրպարտությունները տեղ են գտնում Սվիֆթի կենսագրություններում:

Բայց նկատենք, որ Սվիֆթի մասին ամենաչար տեքստի հեղինակը Ուիլյամ Թեքերեյն է (English Humourists of The Eighteenth Century): Նա իրեն հարց է տալիս. արդյոք կուզենար, որ Սվիֆթը իր ընկերը լիներ: Ոչ, որովհետև նա ընդունակ է հանուն պաշտոնի և ազդեցության ամեն տեսակ ստորության: Սվիֆթին համեմատում է մեծ ճանապարհի ավազակի հետ, որը հասարակությունից պահանջում է՝ «կյանքդ կամ քսակդ»: Կամ ասում, որ գիտնականները հետազոտել են Սվիֆթի գանգը, կար այդպիսի գիտություն՝ ֆրենոլոգիա, և հայտնաբերել, որ նա համեստ ընդունակությունների տեր մարդ է եղել, և այլն, և այլն: Սվիֆթը իր «Ինքնակենսագրականում» գրում է. «[Դուբլինի] համալսարանում դառնացած և ճնշված էի մերձավոր ազգականների վատ վերաբերմունքից … աստիճան չստացա բթամտության և ընդունակությունների բացակայության պատճառով։ Ի վերջո աստիճանը շնորհվեց speciali gratia (հատուկ շնորհ) վիրավորական ձևակերպումով»: Հեգնանքը այն է, որ Սվիֆթը 175 ուսանողների մեջ առաջադիմությամբ առաջին տասնյակում էր, իսկ Դուբլինի համալսարանը համարվում էր երրորդը Օքսֆորդից և Քեմբրիջից հետո: Բայց Թեքերեյին պետք է ամեն մի չարախոսություն: Ճշմարտությունը այն է, որ Սվիֆթը՝ «Գրքերի պատերազմի» հեղինակը շատ էր կարդում և զբաղվում ինքնակրթությամբ:

Ընդհանրապես, 19-րդ դարի հեղինակները բարձր չէին գնհատում Սվիֆթին, բայց 20-րդ դարում նրա նկատմամբ հետաքրքրությունը, նրա գրքերի հեղինակությունը աճում է: Անգլիական գրականության Օքսֆորդյան ուղեցույցը գրում է ("Concise Oxford Companion to English Literature. Revised Edition", 1998 թ.). «Ս. Ջոնսոնին, Մակոլեյին, Թեքերեյին վանում էր նրա խստաշունչ բնավորությունը և արտահայտությունների կտրուկությունը, իսկ նրա ստեղծագործությունները XVIII- XIX դդ. մասսայականություն չէին վայելում. XX դ. վերածնվում է հետաքրքրությունը Սվիֆթի կենսագրության և ստեղծագործությունների նկատմամբ, ընդ որում քննադատները շեշտադրումը դնում էին նրա դատողությունների սթափության, համոզմունքների ուժի և նրա երգիծանքի նորարարական որրակների վրա»:

XX դ. քիչ դեր չխաղաց, որ նրա հիմնական ստեղծագործությունը՝ «Գուլիվերը» հարմարեցվեց մանկական ընթերցանության համար: Բայց կարծում եմ, որ պակաս դեր չխաղաց ֆանտաստիկ գրականության տարածումը, որը արդեն չափահաս ընթերցողներին թույլ տվեց գնահատել նրա բուռն երևակայության հզորությունը:

Ժամանակակից հետազոտողներն արդարացիորեն շատ են գրում Ջոնաթան Սվիֆթի ստեզծագործությունների դեմոկրատիզմի, հակագաղութատիրական, հակապատերազմական, ստրկատիրության քննատության մասին: Բնութագրական է Սվիֆթի գործունեությունը Իռլանդիայում, որտեղ նա սկսեց պայքարել իռլանդական ժողովրդի իրավունքների համար լինելով Դուբլինի ս. Պատրիկի տաճարի դեկանը:

«Մահուդագործի նամակներում» (The Drapier’s Letters, 1724) նա կոչ է անում դադարեցնել անգլիական ապրանքների ներխուժումը իռլանդական շուկա և պահանջում դադարեցնել Իռլանդիայի համար հատվող կեսպենսանոց դրամը: Չորրորդ նամակը արդեն ապստամբության կոչ էր. «Տրամաբանորեն ամեն մի կառավարում առանց կառավարվողների համաձայնության ստրկություն է: …… Համաձայն Աստծո, բնության, պետության, ինչպես նաև ըստ ձեր սեփական օրենքների, դուք կարող եք եւ պետք է լինեք ազատ, ինչպես ձեր եղբայրները Անգլիայում»: Պրեմիեր մինիստր Ուոլպոլը ցանկացավ կալանել Սվիֆթին, բայց նրան ասացին, որ դրա համար 10.000 զինվոր է հարկավոր, և կառավարությունը զիջումների գնաց: Իռլանդիայի փոխարքա լորդ Կարտերտը գրեց Լոնդոն, որն «կառավարում է Իռլանդիան դեկան Սվիֆթի թույլտվությամբ»:

Սվիֆթի անվտանգության համար իռլադացիները հատկացրեցին պահակազոր, իսկ նրա ժամանումը դիմավորում էին զանգերով: Նրա հեղինակությունը այնքան մեծ էր, որ երբ Դուբլինում տարածվեց արևի խավարման լուրը և սկսվեց խուճապ, Սվիֆթը դուրս եկավ ամբոխի առաջ և լուրջ տոնով հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում արևի խավարումը, որից հետո ամբոխը ցրվեց: Սվիֆթը լինելով ս. Պատրիկի տաճարի դեկան կարողացավ Իռլանդիայում դադարեցնել անգլիկանների և կաթոլիկների դարավոր առճակատումը:

Կարելի է հիշել նաև նրա «Համեստ առաջարկություն»-ը (A Modest Proposal for Preventing the Children of Poor People in Ireland Being a Burden on Their Parents or Country, and for Making Them Beneficial to the Publick, in 1729), որով նախատեսվում էր պարարտացնել իռլանդական չքավոր երեխաներին և ապա նրանցից համեղ կերակուրներ պատրաստել ջենթլմենների համար, իսկ նրանց նուրբ մաշկից պատրաստել ձեռնոցնել և կոշիկներ: Իհարկե՝ աղքատությունը վերացնելու համար:

XVIII դարը ժամանակակիցները համարում էին կեղծավորության, դիմակների, թատերականության շրջան: Ազդեցությունը ծնում է հակազդեցություն. հրապարակախոսները «պատռում էին դիմակները», բացահայտում խաբեբայությունը, նշավակում երկերեսանությունը: Իրերը այն չէին, ինչ թվում էին: Հատկապես քննադատության թիրախ էր հանդիսանում եկեղեցին, կեղծ բարեպաշտությունը: Մոլիերի, Սվիֆթի, Վոլտերի և այլոց անունները նշանային են: Դյուրահավատությունը, կրոնական մոլեռանդությունը, անհանդուրժողականությունը ծաղրանքի առարկա դարձան բոլոր նրանց համար, ովքեր հումորի զգացում ունեին: Կեղծիքի դարում «իրական», «ճշմարիտ», «իսկական» ածականները հաճախ էին հայտնվում գրքերի կազմի վրա:

Երգիծանքը հայտնվում է այնտեղ, որտեղ status quo-ն կասկածի տակ է դրվում, որտեղ գիտակցության և բարքերի մեջ կան խզումներ: Հումորը առաջին հերթին կասկածի տակ է դնում հսկողության մեխանիզմը նրան հակադրելով կենսասիրությունը: Այն թույլ է տալիս տեսնել, որ մտծողության և վարքի մասին ընդունված պատկերացումներն անհրաժեշտ չեն: Հումորը անլուրջ է, որովհետև այլընտրանք չի տալիս, այլ միայն ազատություն պարտադրվող ձևերից:

XVII դարում Անգլիայում պուրիտանները արգելեցին թատրոնը, հասկանալով, որ այն բերում է ինքնության անկայունություն, XVIII դարի երգիծաբանները ընդհակառակը՝ փոխվելու ունակություն: Գուլիվերը մերթ մեծ է, մերթ փոքր: Սվիֆթը քննադատաբար էր վերաբերվում նաև կաթոլիկներին, օրինակ «Գուլիվերում» հերոսը հուիհընհընմներին բացատրում է, որ Անգլիան և Ֆրանսիան պատերազմում են, քանզի չեն կարողանում որոշել. Հացն է Մարմին, թե՞ Մարմինն է Հաց, կամ որ հյութը պիտի համարել Արյուն թե՞ Գինի: Ավելի վաղ գրված «Տակառի հեքիաթում» մեկնաբանվում են կաթոլիկների, անգլիկանների և պուրիտանների վեճը երեք եղբայրների օրինակով: Կրկին Սվիֆթը սրամտորեն ծաղրում է կրոնական պատկերացումները, բարոյականությունը, գիտությունը:

XVIII դարի անգլիական հասարակությունը կարելի է բնութագրել իբրև դիմակահանդեսների, պռոժեկտորների, որոնք «Գուլիվերի» հայերեն թարգմանությունում անվանված են ծրագրավորողներ, ֆանտասմագորիայի և օտարացման աշխարհ:

Անշուշտ Սվիֆթի ամենահայտնի գործը «Գուլիվերի ճանապարհորդությունները» չորս մասանոց վեպն է ( The travels into several remote nations of the world by Lemuel Gulliver, first a surgeon, and then a captain of several ships, 1726): Սվիֆթը իր վեպի վրա աշխատել է 5 տարի: 1721-1722 թթ. գրվել են վեպի առաջին երկու մասերը, 1723 թ. չորրորդ մասը, և միայն 1725-ի ամռանը նա ավարտում է վերջին մասը:

«Գուլիվերի ճանապարհորդություններ»-ով նա փորձում է վիճել Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի» մեջ տեղ գտած «բնական մարդու» գաղափարի հետ, մարդու և հասարակության Դեֆոյի օպտիմիստական հայացքների հետ: Դեֆոն իր հերոսին ուղարկում է անմարդաբնակ կղզի, Գուլիվերն ամենուր հասարակություն և պետություն է գտնում: Սվիֆթը այս հնարքով վիճում է այն պատկերացման հետ, որ մարդը նախորդում է հասարակությանը:

Դեռևս իր առաջին ստեղծագործության՝ «Գրքերի կռիվը» (1697, հրատարակվել է 1704-ին) պամֆլետի մեջ նա փորձում է հակադրել «հներին» և «նորերին»: Այս բանավեճը ծագել է ֆրանսիական հողի վրա XVII վերջին անտիկ դասական և ժամանակակից գրականության համեմատական արժանիքների մասին: Մի կուսակցությունը պնդում էր, որ անտիկ դասական արվեստը անհասանելի է, մյուսները պնդում էին, որ գրականության մեջ կա առաջընթաց: «Գուլիվերի ճանապարհորդություններում» էլ այդ վեճը մոռացված չէ, չնայած ակնհայտ է, որ առաջընթացի կողմնակիցներն արդեն մեծամասնություն են կազմում:

Հավանաբար, «Գուլիվերի ճանապարհորդությունների» լիբերալ գաղափարներով սնվող գիտա-տեխնիկական առաջընթացի հետևանքների մասին առաջին լուրջ դատողությունն է: Հատկապես դա վերաբերվում է Լապուտայի գիտնականների նվիրված հատվածին, ուր նա իր թերահավատությունն է հայտնում գիտատեխնիկական առաջընթացի նատմամբ: Լապուտիայի մայրաքաղաք Լագադոյում գտնվում է Ծրագրողների (պռոժեկտորների) ակադեմիան, որտեղ մշակվում են շինությունների ու հողամշակման նորանոր նախագծեր և չնայած դրան երկրի տնտեսությունն անկման մեջ է: Սվիֆթը համոզված էր, որ գիտությունը պետք է լինի գործնական, մարդկանց օգուտ բերի:

 

Մոդեռնիստները հավատում էին, որ նրանք գտել են բնության ճշմարիտ օրենքները, որ հասարակությունում պետք է լինի պայմանագիր, որ արվեստին և գրականությանը հարկավոր են փոփոխություններ: Պոեզիայի մասին դատողությունները լոկ առիթ էին ցույց տալու ժամանակակից մտածողության, ժամանակակից ազատության առավելությունը դասական փիլիսոփայության և քաղաքական մտքի նկատմամբ: Հետաքրքրական է այն պահը, երբ Գուլիվերը մեկնում է Գլըբդըբդրիբ կղզի, որի կախարդները կանչում են մահացածների հոգիները ու նրանց ստիպում ծառայել իրենց։ Գուլիվերը տեսնում է Հոմերոսի, Արիստոտելի, Ալեքսանդր Մակեդոնացու, Պոմպեոսի, Բրուտուսի, Կեսարի և այլոց հոգիները։ Բնութագրական է այս տեղը, երրորդ գրքի 8 գլխում. «Ես ծանոթացրի Դիդիմոսին ու Էվստատիոսին Հոմերոսի հետ և վերջինիս համոզեցի, որ նրանց հետ ավելի լավ վարվի, քան թերևս հարկավոր է, որովհետև նա շատ շուտ հասկացավ, որ այդ մեկնիչները չունեն բանաստեղծի ոգին ըմբռնելու ընդունակություն։ Բայց Արիստոտելը կորցրեց իր համբերությունը, երբ ես ներկայացրի նրան Սկոտուսին և Ռամուսին և սկսեցի պատմել նրանց հայացքների մասին․ նա հարցրեց, թե մի՞թե մեկնիչների մնացած ցեղն էլ այդքան ապուշ է, որքան այդ երկուսը»։ Նույն բախտին են արժանանում Դեկարտը, Գասենդին, Նյուտոնը և մյուսները:

«Գուլիվերի ճանապարհորդությունները» երգիծական վեպ է, այնտեղ կարելի գտնել իր ժամանակի հաստատությունների քննադատություն, ռաբլեական ծիծաղ, բայց նա իր առաջ ունեցել է նաև լուրջ խնդիրներ. ո՞ր ուղով պետք է գնա մարդկությունը:

Դասական քաղաքական տեսությունը, ինչպես գտնում ենք Պլատոնի և Արիստոտելի մոտ, իր հիմնական խնդիրը տեսնում է լավագույն կյանքի, ընդհանուր բարիքի և արդարության որոնումներում:

 

Քաղաքականությունը կապված է բարոյականի հետ, այն մենեջմենթ չէ, այլ՝ մարդկային փոխազդեցություն: Քաղաքական և բարոյական օրենքները բնության օրենքներ չեն, կախված են մարդկային կամքից և քաղաքական տեսությունը բանականության միջոցով պետք է փնտրի մարդկային համակեցության լավագույն ձևերը, որոնք ունիվերսալ չեն: Սվիֆթը դասական մոտեցման կողմնակից է: Նա նույն կերպ է նայում քաղաքականությանը, ինչ լուսավորական քաղաքացին կամ քաղաքական գործիչը, բայց տեսնում է այլ հեռանկարում: Խղճի ազատությունը, քաղաքական ազատությունները, մարդու ինքնավարությունները Լուսավորականության դարաշրջանում ծառայել են գործիք ավանդույթի դեմ պայքարի համար, բայց դրանք չեն լուծում մարդկային համակեցության արմատական խնդիրները:

Ժամանակակից քաղաքական տեսությունը սկսվում է Մաքիավելիից, Հոբսից, Լոկկից: Ընդհանուր գծերով, այդ տեսությունը մարդուն հայտարարում է չար, եսասեր, նրան շարժող ուժը՝ ինքնապահպանությունը և ձգտումը սեփական շահին: Սա արդյունավետության վրա հիմնված գաղափարախոսություն է: Բայց միթե՞ իռլանդական երեխաներին ուտելը արդյունավետ և օգտակար չէ, ինչպես ցույց է տվել Սվիֆթը իր «Համեստ առաջարկություն» պամֆլետում:

Նա տեսնում էր, որ ձևավորվում է մի գաղափարախոսություն, որը իր մահվանից 150 տարի հետո իրեն կհռչակի այլընտրանք չունեցող:

Անգլիացների մոտ ավելի հաճախ, քան այլ ազգերի մեջ, հանդիպում են կերպարներ, որոնց մեջ տեսնում ենք անսահման եռանդ, ջերմ զգացումները, հզոր բանականություն, որ կարող է զսպել նրանց կիրքը: Ջոնաթան Սվիֆթը այդպիսին էր:
 

Tekali Taxi