Գլխավոր / Հայաստան / Վերին Լարսի անցակետը չի բացվի նաև այսօր

Վերին Լարսի անցակետը չի բացվի նաև այսօր

Վերին Լարսի ավտոճանապարհը չի բացվի նաև այսօր։ Այս մասին Epress.am-ին հաղորդել են Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծի ծառայությունից։ Երեկ երեկոյան ԱԻ-ի նախարարության պաշտոնական կայքը հայտնել էր, որ այսօր մարդատար ավտոմեքենաների համար ավտոճանապարհը կարող է բացվել։

Արդեն մոտ 2 շաբաթ է, ինչ Լարսում փլուզումից հետո փակ է Վրաստան֊Ռուսաստան ավտոճանապարհը և ՌԴ ուղևորվող Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև բեռներ տեղափոխող մեքենաներ մնացել են Լարսում։

«Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ երկու օր առաջ Հայաստանի շուրջ 50 քաղաքացիներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության պետին՝ տեղեկացնելով, որ Լարսում մնացած քաղաքացիները գտնվում են ծանր վիճակում և օգնության կարիք ունեն։

Նախօրեին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս դիմել էր Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային։ Համաձայն ՄԻՊ մամուլի ծառայության, Թաթոյանն իր դիմումում ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «․․․զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն կան այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում»։

«Հայկական ժամանակ» օրաթերթը հաղորդում է նաև, որ թերթի հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը հայտնել է, որ Երևանից դեպի ՌԴ չվերթների տոմսերը Լարսի փակվելու հետևանքով համարյա կրկնակի թանկացել են․ «15-20 օր առաջ կարելի էր 100 հազար դրամով գնալ-գալու տոմս գնել, իսկ այժմ 150 հազար դրամից է սկսվում, իսկ «Աերոֆլոտով» 200-210 հազար դրամ: Խախտվում է սպառողի իրավունքը»։