Նախկին ամուսնու՝ 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանի կողմից հուլիսի 8-ին Երևանում կացնահարված Թագուհի Մանսուրյանը և նրա հայրը՝ Վաչագան Մանսուրյանը հիվանդանոցում Azatutyun.am-ին պատմել են իրենց վրա հարձակման մանրամասները։ Մարտիրոսյանը կացնահարելով սպանել է կնոջ մորը՝ 64-ամյա Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է։ Կայքի փոխանցմամբ՝ հայրը և դուստրը դեռևս տեղյակ չեն Կարինեի մահվան մասին։
Թագուհի Մանսուրյանը պատմել է, որ իր նախկին ամուսինը հերթական անգամ սպառնալիքներով եկել է ծնողների տուն և փորձել ներս մտնել: Կնոջ ծնողները ոստիկանություն են զանգահարել: Թագուհու խոսքով՝ ոստիկաններն իրեն ու մորը տարել են բաժանմունք հաղորդագրություն տալու համար, ամուսինը մնացել է տեղում՝ հայտարարելով, որ կնոջ ծնողներն էլ իր նկատմամբ բռնություն են կիրառել։ Բացատրություն տալուց հետո ոստիկանները մորը և դստերը հետ են բերել տուն։
«Մոտավորապես գիշերվա ժամը 4-ն էր արդեն: Իջեցրեցին [մեքենայից]՝ մենք մտել ենք մուտք: Աստիճանները բարձրացանք, հասա դռան դեմը՝ ինքը կացնով արդեն հարձակվեց իմ վրա: Իմ գլխին է խփել, մեջքիս, ուսիս ու փորիս հատվածում: Ես գոռացել եմ ՝ օգնություն, էլ չեմ հիշում», – ասել է Թագուհի Մանսուրյանը։ Վերջինս նշել է, որ շուրջ 1.5 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ամուսինը գրեթե միշտ ծեծի է ենթարկել իրեն, հենց այդ պատճառով էլ ամուսնալուծվել են:
Վաչագան Մանսուրյանը դատապարտել է իրավապահ մարմինների գործելաոճը:
«Երբ գնում են դրսում որևիցե միտինգ են անում, նրանց ձերբակալում են, տանում են, երեք ամիս նստացնում են, տուգանում են, չգիտես՝ ինչեր են անում, բայց նման տեռորիստին, որ ամբողջ ընտանիքս տեռորի է ենթարկում, ոչ մի հարց չլուծեցին, գոնե տուգանքի ենթարկեին, գոնե երեք ամիս նստեցնեին», – Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Վաչագան Մանսուրյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքին սարսափի մեջ պահող նախկին փեսայի ուզածը դստերը կտակած բնակարանն է եղել:
Վլադիկ Մարտիրոսյանը նախկին կնոջ նկատմամբ բռնությունների փաստով նախկինում դատապարտվել է ազատազրկման, բայց պատիժը պայմանական է կիրառվել։
Azatutyun.am֊ը նշում է, որ Թագուհի Մանսուրյանի ընտանիքի վրա հարձակմանը ականատես է եղել նրա 1.5 տարեկան որդին։
Մարտիրոսյանին այժմ մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ, դատարանում մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:
Տեսանյութը՝ Azatutyun.am