Գլխավոր / Հայաստան / Փաշինյանը Խորենացի կգա այն ժամանակ, երբ ցուցարարները դրա անհրաժեշտության մասին ասեն

Փաշինյանը Խորենացի կգա այն ժամանակ, երբ ցուցարարները դրա անհրաժեշտության մասին ասեն

Այն հավաքներին, որտեղ խմած մարդիկ հայտարարություններ են անում և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, Նիկոլ Փաշինյանն անելու ոչինչ չունի: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է կուսակցության վարչության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ երեկ Խորենացի փողոցում տեղի ունեցածը կոտրել է առանց արյունահեղության լուծում ստանալու գործընթացի ողնաշարը. «Քաղաքացիները պետք է դիրքորոշում արտահայտեն և դա միակ մեխանիզմն է, որը կարող է կանխել հետագա արյունահեղությունը, իսկ երեկ այդ պրոցեսի ողնաշարը ջարդվեց: Հավաքի ժամանակ, որի հետ ես առնչություն ունեմ, ինչ- որ մեկը ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս: Եթե չլիներ Պավել Մանուկյանի (հուլիսի 17-ին Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ – խմբ.) զանգը, որով նա ինձ ասաց, որ ես չպետք է մարդկանց հավաքի տեղը հրամաններ տամ, ես թույլ չէի տա, որ մի հայհոյանք հնչեր այդ հավաքի վայրում, բայց այս խնդիրը կապված է Պավել Մանուկյանենց հետ, և ես չեմ կարող այս հարցում վիճել նրա հետ»:

Նա կոչ է արել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին առաջին օրվանից վերլուծել իր գործողությունները և տեսնել, թե ինչպիսին էր իրենց ինֆորմացիոն դաշտը մինչ իր մուտք գործելը այդ գործընթացի մեջ և դրանից հետո. «Եթե ես խանգարում եմ իրենց Հայաստանում անել իշխանափոխություն, ապա խնդիր չկա, ես չեմ լինի այնտեղ: Կլինեմ այն ժամանակ, երբ ցուցարարները դրա անհրաժեշտության մասին ասեն: Բայց մենք կգտնենք ձևը, որ մեզանից կախված ամեն ինչ անենք, որ Պավլիկ Մանուկյանի ու Վալերի Օսիպյանի գլխից մազ չպակասի»:

Պատգամավորը, անդրադառնալով երեկ գիշեր Խորենացի փողոցում ցուցարարների ու ոստիկանների միջև բախմանը, նշել է, որ իր վրա ցուցարաների կողմից մեկ քար չի շպրտվել. «Այդ ինչպես եղավ, որ մի ամբողջ պետական համակարգ չկարողացավ իրավիճակը հարթել, իսկ ես 30 րոպեում կարողացա կիսաաշխատող  մեգաֆոնով հանդարտեցնել իրավիճակը: Գուցե ոստիկանությունը չեր ուզում, որ ամեն ինչ հանդարտվի»:

Պատգամավորը հավաստիացրել է, որ ինքը կլինի այն ցուցարարների կողքին, ովքեր իրենց ձեռքերը բարձրացրեցին և ցույց  տվեցին, որ իրենց մոտ քարեր կամ այլ իրեր չկան, որով կարող են բախում հրահրել:

Փաշինյանը նաև անդրադարձել է Սերժ Սարգսյանի լռությանը և ասել, որ վերջինս լռում է, որովհետև ասելու ոչ մի բան չունի:

Մանրամասները՝ տեսանյութում.