ՀՀ դատախազությունը որոշում է կայացրել կալանքից ազատել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանին՝ պատճառաբանելով, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է։ Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության կայքը։
Ենիգոմշյանի նկատմամբ կալանքը վերացնելու համար օգոստոսի 4֊ին Վերաքննիչ դատարան էր դիմել նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Հուլիսի 27-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամին կասկածում են զինված խմբին օժանդակելու մեջ։
Ենիգոմշյանին ազատելու պահանջով հանդես էին եկել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը, ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընտանիքը, մի շարք իրավապաշտպաններ։ Պահանջի հիմնավորումներից մեկն այն էր, որ ՀՀ Ձերբակալվածների պահման վայրերում ու քրեակատարողական հիմնարկներում չկան հաշմանդամություն ունեցող անձնանց համար հարմար պայմաններ, իսկ Ալեք Ենիգոմշյանը կույր է։
Իր պաշտպանյալի նկատմամբ դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքի մասին ավելի վաղ բողոքել էր նաև փաստաբան Բաղդասարյանը։ Նա դատարանում հայտարարել էր, որ հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի ծանոթանալ դատավարական փաստաթղթերին, իսկ Ենիգոմշյանինի քրեական նյութերի թարգմանություններ չեն ներկայացվել։