Հուլիսի 30-ին ձերբակալված Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է։ Այս մասին հայտնում է «Դավիթ Սանասարյան» քաղաքացիական նախաձեռությունը, որը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին։
Նախաձեռնությունը նշում է, որ Սանասարյանը պետք է կալանքից ազատ արձակվի, որպեսզի մինչ դատական վարույթը սկսելը կարողանա համապատասխան բժշկական հետազոտություն անցնել և պատշաճ բուժում ստանալ:
«Մինչպես գիտեք, հուլիսի 30-ին ապօրինի ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա ունի երիկամների խնդիր, և մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Փաստաբանի դիմումները մերժվել են: Խնդրում ենք Ձեզ, որպեսզի դուք այս գործում Ձեր մասնակցությունն ու միջամտությունն ունենաք: Տեղեկացնում ենք, որ Դավիթ Սանասարյանը հուլիսի 30-ի ապօրինի ձերբակալումից
մինչ օրս որևէ բժշկական զննություն չի անցել», ֊ ասված է նամակում։
Նախաձեռնությունը պատրաստվում է խնդրի առնչությամբ դիմել միջազգային իրավապաշտպանական կառույցներին։