Գլխավոր / Հայաստան / Իրավապաշտպանն ու փաստաբանը տարակարծիք են Գյումրիի սպանության մեղավորի վերաբերյալ

Իրավապաշտպանն ու փաստաբանը տարակարծիք են Գյումրիի սպանության մեղավորի վերաբերյալ

Գյումրու Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունն ի վերջո բացահայտվե՞լ է, թե ոչ սպանվածների իրավահաջորդների ներկայացուցիչները՝ փաստաբան Լուսինե Սահակյանը և և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունեն։

«Իմ կարծիքով այս հանցագործությունը բացահայտված չէ։ Ես հիմնավոր չեմ համարում սպանության պաշտոնական շարժառիթը, որ ձևակերպվել է նախաքննական մարմնի կողմից, թե [միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովը] 6000 դրամի համար է մտել տուն, որ հետո Ռուսաստան գնա։ Սա բացահայտված հանցագործություն չէ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սաքունցը՝ պատասխանելով Սահակյանի այն պնդմանը, թե միանշանակ է, որ Պերմյակովն է սպանել Ավետիսյանների ընտանիքին։

Սահակյանը նշել է, որ ինքը համաձայն չէ Սաքունցի հնչեցված տեսակետների հետ։ Նրա խոսքով՝ իր համար էլ սկզբում շատ չպարզված հարցեր կային, բայց այժմ սպանությունը բացահայտված է, Պերմյակովն է մեղավորը։

«Տրամաբանող մարդու համար դժվար է հավատալ, որ կարող ես մտնել մեկի տուն՝ հագուստ փոխելու համար, և 7 հոգու սպանել… շատ դժվար է։ Պերմյակովի առողջական լուրջ խնդիրներով պայմանավորված՝ մենք նրա տրամաբանությունը չենք կարող հասկանալ։ Ինքը չի հասկանում արածը, նա հիվանդ մարդ է։ Երբ մենք ասում ենք՝ բացահայտված չէ, ոնց որ Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվություննից զերծ ենք ուզում պահել։ Բա ինչի՞ ենք ասում՝ ՌԴ, դու մեղավոր ես»,- ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ նման ապացույցների տարափի տակ «ո՞նց կարելի է ասել, որ հանցագործությունը բացահայտված չէ»։

Սահակյանի ընդդիմախոսը, իր հերթին, ընդգծել է, որ, բացի Պերմյակովի ինքնախոստովական ցուցմունքներից՝ գործերում չկա որևէ այլ ապացույց, որ նա է սպանության հեղինակը․ «Պատասխան չկա՝ արդյոք այդ հիվանդ մարդը չէ՞ր կարող օգտագործվեր ուրիշների կողմից։ Ավետիսյանների ընտանիքի սպանության քննությունը տեղի է ունցել կոպիտ խախտումներով։ ՀՀ քննչական մարմինը հնարավորություն չի ունեցել լիարժեք անցկացնել քննությունը, դա խոչընդոտվել է ռուսական կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քրեական գործի հարուցմամբ։ Սակայն համաձայն ռուս-հայկական պայմանագրի, եթե ռուսական բազայի զինծառայողը Հայաստանի տարածքում է հանցագործություն կատարում Հայաստանի քաղաքացու նկատմամբ, ապա Հայաստանի քննչական մարմինները պետք է գործ հարուցեն։ Ռուսաստանյան քննչական գործողությունները արդեն իսկ ապօրինի են, և Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները ներգրաված չեն եղել այդ քրեական գործում»։

Սաքունցը նշել է մի քանի հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում նախաքննության արդյունքները։ Նրա խոսքով՝ մինչև հիմա պարզ չէ, թե ինչպես է Պերմյակովը հայտնվել Ավետիսյանների տանը, ինչպե՞ս է հետո հայտնվել հայ֊թուրքական սահմանի մոտ։

«Այդպես էլ չի պարզաբանվել՝ ինչու նրա զինվորական կոշիկները տեղավորված են եղել խորդանոցում այն դեպքում, երբ ինքը դրանք փոխել է Ավետիսյանների տանը։ Այսինքն՝ տնից դուրս է եկել և դրել խորդանոցո՞ւմ», – ասել է Սաքունցը։

Նա նշել է, որ եթե ռուսաստանյան 102-րդ բազայի ղեկավարության պատասխանատվությունը չի քննվում, նշանակում է՝ ամբողջ հանցագործությունը տեղավորում են մեկ անձի վրա, ինչն անհամապատասխան է այդ հանացագործության ամբողջ ծավալին։

Սահակյանը, այնուամենայնիվ, պնդել է, որ ինքը դժգոհ չէ դատավարության արդյունքից, միայն ընթացքն իրեն չի գոհացրել։ Պնդելով, որ տվյալ հանցագործությունն ամեն դեպքում Պերմյակովն է գործել, փաստաբանը դժգոհություն է հայտնել այն փաստից, որ ռուսաստանյան ռազմաբազա մարդկանց են բերում, որոնք չեն համապատասխանում զինվորական ծառայության չափանիշներին։

«Հայաստանը, կարծես, աքսորավայր լինի ռուս զինվորների համար։ Նրանք, ովքեր խնդիրներ են ունեցել ՌԴ-ում՝ դասալքություններ, տարբեր տիպի հանցագործություններ են արել, վատ զինվորականներ են եղել, հենց նրանք են տեղափոխվել Հայաստան», ֊ ասել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ Պերմյակովը ունեցել է առողջական խնդիրներ և դրա պատասխանատվությունը կրում է ռուսաստանյան կողմը։

«Նա ուներ առողջական խնդիրներ, 8 անգամ դասալքություն էր արել, ՌԴ-ում նրան արգելվել էր զենք կրել՝ բժշկի այն հիմնավորմամբ, որ նրա համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի։ Եվ, չգիտես ինչու, նրան տեղափոխել էին այստեղ և զենք տվել։ Դատավորը շատ զգուշավոր է ՌԴ-ի դեմ կայացվելիք իր որոշումներին, նա անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվել այն ռուս պաշտոնյաները, որոնք զորակոչել էին բանակ նրան և զենք տրամադրել, չեն հսկել։ ՀՀ դատարանը չէր կարող այդ մասով նրանց դատեր, իսկ ռուսական կողմը կարճել էր այդ գործերը», ֊ ասել է փաստաբանը։

Անդրադառնալով այն հարցին, թե որտեղ է իր պատիժը կրելու Պերմյակովը՝ Սահակյանը նշել է, որ ինքը այն միամիտների թվում չէ, որ հավատա, թե Պերմյակովն այստեղ կկրի իր պատիժը․ «Եթե նախաքննության ժամանակ նա չի հանձնվել Հայաստանին, ապա հիմա էլ չի հանձնվի»։ Նա համոզմունք է հայտնել, որ Պերմյակովը, ՌԴ-ի տարածքում գտնվելու ժամանակ, չի հայտնվի ազատության մեջ։

Ի պատասխան՝ Սաքունցը հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի օրինակը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը «հեռու չէ դրանից»․ «Փաստորեն, անձը, որը քրեական պատասխանատվության է ենթարկվել, գտնվում է այն անձանց հսկողության տակ, որոնք նույպես պետք է պատասխանատվության ենթարկվեին»։

Tekali Taxi