Home / Հայաստան / Ազատամարտիկի մահվան գործը ձգձգում են՝ համաներման ակնկալիքով․ փաստաբան

Ազատամարտիկի մահվան գործը ձգձգում են՝ համաներման ակնկալիքով․ փաստաբան

Ղարաբաղյան պատերազմի վետերան, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով «առողջության տևական քայքայում» պատճառելու մեղադրանքով հարուցված քրեական գործը մոտ մեկ տարի է առկախված է։ Ծեծից հետո մահացած Թումանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ դատարանի գործողությունների մեջ միտում է տեսնում․ դատաքննությունը ձգձգվում է մեղադրյալներին համաներմամբ ազատելու նպատակով։

Թումանյանի մահվանից հետո նրա այրին՝ Տանյա Մելքումյանը պատմել է, որ ամուսնուն իր և դստեր ներկայությամբ ծեծի են ենթարկել Վիկտոր Հովսեփյանը, Սարգիս Ղուկասյանը և նրանց քեռին՝ Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը: Երիտասարդները եկել են իր ամուսնուն «տեսնելու» նրանից հետո, երբ Վարդանը շախմատ խաղալիս վիճել է իրենց պապիկի հետ։ Ծեծից մի օր հետո Թումանյանը մահացել է։

Մեղադրյալներին տվյալ գործի շրջանակներում բաց են թողել չբացակայելու մասին ստորագրության դիմաց։

Գործով վերջին նիստը կայացել է 2015 թվականի աշնանը։ Այն ժամանակ Մուրադյանը բացարկ է հայտնել մեղադրող դատախազին, քանի որ վերջինս հակասություններ չի տեսել ակնհայտորեն տարբեր երկու դատաբժշկական եզրակացությունների մեջ․ դրանցից մեկի համաձայն՝ ազատամարտիկը մահացել է հասված հարվածքների հետևանքով, իսկ մյուսի՝ նա մահացել է, քանի որ ուներ «ի ծնե արատ»։

Մինչ դատական նիստերը չեն կայանում՝ Թումանյանի իրավահաջորդները սեփական նախաձեռնությամբ դիմել են այլ դատաբժիշկների։

«Մենք երկու փորձաքննությունների թարգմանություններն ուղարկել ենք արտասահմանյան փորձագիտական ընկերության։ Եվ ստացել ենք պատասխան, որ այդ փաստերի առկայության դեպքում չէին կարող եզրակացնել, որ մահվան պատճառը եղել է բնածին արատը և, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Մենք այս եզրակացությունը կներկայացնենք դատարանում․․․ Վերջին անգամ դատավորի օգնականը զանգեց հուլիսին և ասաց, որ օգոստոսին ամեն շաբաթ մի օր կտրամադրվի այս գործին։ Սակայն մի նշանակված օր կար, այն էլ զանգեցին ասացին, որ դատախազի արձակուրդում լինելու պատճառով հետաձգվում է», ֊ ասել է Տիգրան Մուրադյանը։

Լուսանկարում՝ Գևորգ Սարգսյանը և Սարգիս Ղուկասյանը

Tekali Taxi