Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործըը կարճվել է, իսկ կալանավորված անձինք համաներմամբ ազատ են արձակվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Խանումյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Համաներումը հայտարարվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առթիվ։
Ալումյանը նշել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը և պատրաստ են հասնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Համաձայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ գործով ձերբակալվել էին Ստեփանակերտի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։
Ավելի վաղ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերավորակվել էր և առևանգումից դարձել խուլիգանություն: Ալումյանը կարծիք էր հայտնել, թե դա միտումնավոր է արվել, քանի որ խուլիգանության հոդվածն ընկնում է համաներման տակ։