Home / Տեսանյութեր / Սարի թաղի դեպքերից հետո ձերբակալվածի կինը պնդում է՝ իր և ամուսնու ցուցմունքը կեղծել են

Սարի թաղի դեպքերից հետո ձերբակալվածի կինը պնդում է՝ իր և ամուսնու ցուցմունքը կեղծել են

Հուլիսի 25-ին ձերբակալված 33-ամյա Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, պնդում է՝ իրեն և ամուսնուն չտրված ցուցմուքներ են վերագրել․ «Իբր, ամուսինս թաղի տղերքի դեմ է ցուցմունք տվել, ես էլ իբր որպես վկա կոնկրետ անուններ եմ տվել»։ Epress.am-ի հետ զրույցում Բերնեցյանն ասել է, որ քննիչները սա հատուկ են անում «իրենց գործը հեշտացնելու և այն պատճառով, որ մենք թիկունք չունեն»։

Զեյթունյանը մեղադրվում է հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանին հարվածելու մեջ։ Գործով որպես տուժող են ճանաչվել 6 ոստիկան։ Մեղադրանքն ապացուցվելու դեպքում Զեյթունյանի սպառնում է 5-10 տարի ազատազրկում։

«Էդ դեպքի օրը գործից գալուց է եղել, տեսել է՝ ներքևում վիճաբանություն է, մտել է, որ բաժանի։ Ոստիկանությունում տեսանյութը ցույց են տալիս, ձեռքը բարձրացրել է, ասում են՝ նայի, ոստիկանա խփում։ Բայց կադրում երևում է նաև, որ ոստիկանները ծեծում են մարդկանց։ Ոստիկանությունն էլ հրեշտակ չի։ Հանգիստ տեղը կանգնած ոստիկա՞ն են խփում, կարող ա՞ ինքը գիժ ա։ թող նայեն՝ դրանից առաջ ինչ է եղել, իրենք խփել են, տղեքն էլ պատասխանել են», – ասել է Բերնեցյանը։ Նրա խոսքով՝ իրականում հենց ամուսինն է ծեծի ենթարկվել, դեպքի օրը նրա դաստակը ուռած է եղել, գլխին հարվածներ է ստացել։

Epress.am-ի հետ զրույցում Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշել է, որ գործով քննությունը անցել է պաշտպանական իրավունքի խախտումով։

«Առաջին իսկ պահից ամուսինս փաստաբան է պահանջել, նրան չեն տվել, ասել են՝ էդուա՛րդ ջան, նստի, գրի, քո համար լավ կլինի, մենք քո համար ամեն ինչ անում ենք, որ լավ լինի։ Փաստաբան ներգրավում են այն ժամանակ, երբ 72 ժամը լրացել է։ Հետո մեղադրականից պարզ է դառնում, որ իբր ամուսինս թաղեցիների դեմ ցուցմունք է տվել։ Հավանաբար իրենցից էլ ամուսնուս դեմ են ցուցմունքներ վերցրել», – ասել է կալանավորվածի կինը՝ պնդելով, որ ամուսինը այդպիսի բան չի արել։

Լալա Բերնեցյանին գործում ներգրավել են որպես վկա։ Նրա խոսքով՝ վկայություն վերցնելիս իր իրավունքներին չեն ծանոթացրել, բայց թուղթ են տվել, որ ստորագրի, թե ծանոթ է իր իրավունքներին։ Բացի դրանից, Բերնեցյանի նշում է, որ իր ցուցմունքները փոխել են և հետագայում մեղադրականում «օգտագործել են ամուսնու դեմ»։

«Ինձ որպես վկա են ներառել, բայց ոչ մեկը ինձ չի զգուշացրել, որ ամուսնուդ դեմ կարող եմ ցուցմունք չտալ։ Իմ ցուցմունքի մեջ գրել եմ, որ չեմ հիշում, թե դեպքի օրը ամուսինս երբ է դուրս եկել, մութ էր։ Ես տանից դուրս չեմ եկել էդ օրը և կռիվ չեմ տեսել։ Հետո ինչ֊որ բաներ իրենք փոխել են, ես ասում էի, իրենք համակարգչով հավաքում էին։ Իմ փաստաբանը զանգում է ինձ հետո, ասում է՝ դու էդպիսի բաներ ասե՞լ ես, ասում եմ՝ չէ։ Իբր ես ասել եմ, թե տղաներից ում եմ տեսել ու կոնկրետ անուններ եմ նշել։ Իբր տեսել եմ՝ ոնց են քարով խփում», – ասել է մեղադրվողի կինը։ Նրա խոսքով՝ փորձում են իր ու ամուսնու անվան հետ խաղալ․ «Էդ բիծ է։ Մեկը, որ թաղում ուրիշ աչքով նայեց մեզ սրանից հետո, ո՞վ է պատասխան տալու։ Էն աստիճան են հասցնում, որ մարդ իրան վերացնի, պրծնի, ավելի լավ ա քեզ վերացնես, քան անունդ դուրս գա՝ գործ տվող»։

Կինը պնդում է՝ ոստիկանությունում իրենից և ամուսնուց կոնկրետ անուններ են պահանջել։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Զեյթունյանը, կնոջ խոսքով, վատ վիճակում է, սակայն պատշաճ ուշադրության չի արժանանում․ «Ձերբակալությունից օրեր անց ճնշման հետ խնդիրներ է ունեցել, բժիշկ չեն տվել, ասել են՝ կիրակի է, միայն ՄԻՊ-ին դիմելուց հետո են տվել։ Հիմա էլ ա վատ, ասում ա՝ մի դեղ են դեմս շպրտում ու գնում են»։

Tekali Taxi