Home / ԼԳԲՏ+ / Վրաստանում կարող են կոծկել տրանսգենդեր կնոջ վրա հարձակումը

Վրաստանում կարող են կոծկել տրանսգենդեր կնոջ վրա հարձակումը

Մի խումբ ցուցարարներ երեկ՝ հոկտեմբերի 17֊ին, բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում՝ Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով բացահայտել ու հրապարակել տրանսգենդեր կնոջ դեմ իրականացված հարձակման հանգամանքները։ Բողոքողները մտահոգություն են հայտնել, որ, ինչպես ընդունված է անել նման դեպքերում, քննչական մարմինները կմեղմացնեն հանցագործի պատիժը՝ արհամարհելով նրա գործողություններում ատելության շարժառիթները։ Կասկածյալը բերման է ենթարկվել երկուշաբթի Ռուստավի քաղաքում․ որպես իրեղեն ապացույց նրա մոտից առգրավվել դանակ։ «Էխո Կավկազա» գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվածն ընդունել է մեղադրանքը։

Միևնույն ժամանակ, տուժածի դրությունը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ նրա փաստաբանի՝ «Կանանց նախաձեռնությունների աջակցման խմբի» ներկայացուցիչ Ցիալա Ռատիանիի խոսքով՝ հոկտեմբերի 14֊ին տեղի ունեցած հարձակման 32֊ամյա զոհը մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում․ նրա մոտ ախտորոշվել են դիմային ոսկորների կոտրվածքներ ու պարանոցի տարածքում՝ դանակի բազմաթիվ վնասվածքներ։

Փաստաբանը հավելել է, որ, դատելով տրանսգենդեր կանանց կողմից իրենց կազմակերպություն ներկայացվող բողոքների քանակից, նրանց նկատմամբ ատելության դրսևորումները շարունակում են Վրաստանում տարածված երևույթ մնալ։

«Մեզ հաճախ են դիմում․ հարձակումները, որպես կանոն, ավարտվում են ուղեղի ցնցումներով ու դեմքի վնասվածքներով։ Այս ոլորտում հավաստի վիճակագրություն չկա, քանի որ զոհերը գրեթե միշտ թաքցնում են տեղի ունեցածը՝ հույս չունենալով, որ ոստիկանությունը օբյեկտիվ քննություն կիրականացնի։ [Տվյալ մտահոգությունն] անհիմն չէ, քանի որ շատ բողոքներ ենք ստանում հենց ուժայինների կողմից հոմոֆոբիայի դրսևորումների վերաբերյալ»,֊ ասել է Ռատիանին։

Վրաստանի օմբուդսմենի գրասենյակը դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում անհանգստություն է հայտնել փոքրամասնությունների նկատմամբ խտրականության ու ատելության խոսքի դրսևորումների հաճախակի դառնալու վերաբերյալ ու իրավապահներին կոչ արել որքան հնարավոր է արագ պարզել հանցագործության հանգամանքները։

Օմբուդսմենի աշխատակազմի՝ գենդերային իրավահավասարության բաժնի ղեկավար Կետևան Շուբաշվիլիի խոսքով՝ ԼԳԲՏ+ համայնքի նկատմամբ անհանդուրժողականության ու խտրականության դրսևորումները շարունակական բնույթ են կրում․ «Որպես կանոն, [տրանսգենդեր] անձինք թաքցնում են իրենց նկատմամբ բռնության փաստերն ու ոստիկանություն չեն դիմում, քանի որ տրանֆոբիան հասարակության շրջանում բավական տարածված երևույթ է։ Հենց այդ պատճառով է, որ [խնդրի] լիարժեք պատկերը չենք տեսնում․ ԶԼՄ֊ների տեսադաշտում սովորաբար հայտնվում են առավել ծանր հետևանքներ ունեցող միջադեպերը»։

«Հետաքննության մարմիններին կոչ ենք անում բացահայտել՝ ադյոք տվյալ հանցագործությունը տեղի է ունեցել տրանսգենդեր անձի նկատմամբ խտրականության հողի վրա։ Ցավոք, ինչպես մեր փորձն է ցույց տալիս, չի եղել որևէ դեպք, որ ապացուցվի նման հանցագործության՝ ատելության հողի վրա տեղի ունենալու փաստը»,֊ հավելել է Շուբաշվիլին։

«Տրանսգենդերների մասին խոսում են միայն այն բանից հետո, երբ նրանց սպանում են»,֊ մեկնաբանելով միջադեպը՝ ասել է գենդերային խնդրի շուրջ ուսումնասիրությունների հեղինակ Աննա Իլուրիձեն։ Նրա խոսքով, փոքրամասնությունների նկատմամբ խախտվում են մարդու՝ Սահմանադրության մեջ ներառված բոլոր հիմնարար իրավունքները, այդ թվում՝ աշխատանքի, կրթության ու առողջապահության իրավունքը։

Վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում գրանցվել է տրանսգենդեր երկու կնոջ մահվան դեպք․ առաջին դեպքում դատարանը կասկածյալներին անմեղ է ճանաչել, իսկ երկրորդ դեպքում՝ դատարանը որոշել է, որ կինն ինքնասպանության է գործել։ Մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան, իր հերթին, իրավապաշտպաններին մեղադրել է հետաքննության գործերին միջամտելու մեջ։

Tekali Taxi