Գլխավոր / Բանակ / «Դուք հերոսի մայր եք, հերոսի հայր եք»․ ինչպես էին զոհվում զինվորները ապրիլին

«Դուք հերոսի մայր եք, հերոսի հայր եք»․ ինչպես էին զոհվում զինվորները ապրիլին

Փամփուշտների պակաս, փչացած մեքենաներ, վառելիքի բացակայություն, ոչ պատշաճ բուժօգնություն և ոստիկանական հսկողության տակ գտնվող փակ դագաղներ․․․ Ապրիլին մահացած զինվորների հարազատները տեղեկատվության բացակայության պատճառով իրենց սեփական հետաքննությամբ պարզել են, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին Ղարաբաղում: Նրանց մի մասը, այնուամենայնիվ, մինչև այսօր չգիտի, թե ինչ հանգամանքներում է մահացել իր հարազատը:

Այսօր «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի անդամները (ՀՔԱՎ) ներկայացրել են իրենց ուսումնասիրության արդյունքները:

Կազմակերպությունը զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով հանդիպել է ապրիլ ամսին մահացած զինծառայողներից 61-ի ընտանիքների հետ, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հետազոտությունն արվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին:

ՀՔԱՎ-ի տվյալները փաստում են, որ զոհված զինծառայողների հարազատները պատշաճ իրազեկված չեն եղել իրենց բարեկամների զոհվելու հանգամանքների մասին։ Կազմակերպությունը նշում է՝ զինվորներն ապահովված չեն եղել բավական քանակությամբ զինամթերքով, բժշկական օգնությունն ուշ է հասել, իսկ որոշ զինծառայողներ էլ ապօրինաբար են բանակ զորակոչվել:

61 ընտանիքներից միայն մեկին են անմիջապես դեպքից հետո հայտնել զինվորի մահվան հանգամանքների մասին: 13 զինծառայողների հարազատներ անձամբ են մեկնել դեպքի վայր և փորձել պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել զինծառայողները։ Իսկ այն դեպքերում, երբ ծնողներին զանգել են և հաղորդել զինծառայողի մահվան մասին, դրանք ներկայացվել են հայրենասիրական պաթոսով:

«Երբ զանգել են և ասել զինծառայողի մահվան մասին, նշել են՝ «դուք հերոսի մայր եք, հերոսի հայր եք», սկսել են դրանից: Փորձել են հերոս մատուցելու անվան տակ տեղեկացնել ծնողներին», — ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս ասել է ՀՔԱՎ֊ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

Ապրիլի 2-30-ը ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողներից 53֊ի ընտանիքներն ամբողջական տեղեկատվություն չունեն իրենց հարազատի մահվան հանգամանքների վերաբերյալ: ՀՔԱՎ֊ի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ սեփական հետազոտության արդյունքում հարազատները պարզել են, որ բանակում թերի սպառազինություն է եղել:

Ապրիլի 2-ին Ջեբրայիլում զոհված զինծառայողներից մեկի (անունը չի նշվում) հարազատներն այցելել են նրա զոհվելու վայր և իմացել, որ այդ հատվածում ծառայակից զինվորներից ոչ-ոք ողջ չի մնացել, քանի որ զենքի բացակայություն է եղել: Զինծառայողների հարազատաների հետ հանդիպած մյուս ծառայակիցները հայտնել են, որ «ասելիք շատ ունեն», սակայն ծառայության մեջ գտնվելու ժամանակ չեն կարող խոսել այդ մասին:

Համաձայն կազմակերպության ուսումնասիրության՝ իրենց այցերի ընթացքում առնվազն 3 ընտանիք հայտնել է, որ իրենց հարազատը մահացել է ոչ պատճաշ բժշկական օգնության պատճառով: Օրինակ, ապրիլի 26-ին մահացած Հայկ Մինասյանը վիրավորվել է և մինչև մահանալը 5 ժամ բուժօգնություն չի ստացել:

Իր ուսումնասիրության արդյունքում կազմակերպությունը պարզել է նաև, որ զոհված զինծառայողներից 15-ը, ըստ հարազատների, ունեցել են առողջական խնդիրներ, ընդ որում՝ այդ խնդիրներն ի հայտ են եկել մինչև զորակոչը: Այդ զինծառայողների մեծ մասն ունեցել է տեսողության, սրտի և ոսկրային համակարգի հիվանդություններ:

Սաքունցը նշել է, որ 61 ընտանիքներից երկուսին թույլ չեն տվել բացել դագաղը և տեսնել՝ արդյոք իրենց զինվորն է, թե ոչ: «Հարազատները պատմել են, որ ողջ գիշեր դագաղի մոտ հերթապահություն է եղել ոստիկանության կողմից: Մայրը հակված էր մտածել, որ այնտեղ իր որդին չէ կամ գուցե դատարկ է», — ասել է Սաքունցը:

Բանախոսները նշել են, որ 61 զոհված զինծառայողների ընտանիքների գերակշիռ մասը աղքատ են։ Ընտանիքների հիմնականում գոյատևում են թոշակով, նպաստով, իսկ 30 ընտանիքներ՝ արտագնա աշխատանքի շնորհիվ:

Սաքունցի խոսքով՝ իրենք այս տվյալները պատրաստվում են ներկայացնել Պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով անհապաղ ծառայողական քննություն անցկացնել: