2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գևորգ Սաֆարյանի գործով վկան պնդում է՝ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել

Ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող  «Հիմնադիր խորհրդարան» և  «Նոր Հայաստան» նախաձեռնությունների անդամ Գևորգ Սաֆարյանը  միջադեպի օրը՝ Ամանորի գիշերը, փորձել է հանդարտեցնել իրավիճակը, բաժանողի դերում է եղել: Այս մասին այսօր  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է Սաֆարյանի գործող որպես վկա անցնող «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից Սևակ Մանուկյանը, ով միջադեպի օրը եղել է Ազատության հրապարակում:

Մանուկյանը  նշել է, որ ոստիկաններից Վարդան Ապրեսյանն իրեն բռունցքով հարված է հասցրել, երբ ինքը մոտեցել է հասկանալու համար, թե ինչու են ոստիկանները խափանում տոնածառի հանդերձանք հագած Հովհաննես Ղազարյանի մուտքը Ազատության հրապարակ:

Նրա խոսքով՝ դեմքին հարված ստանալուց հետո ինքը ընկել է, իսկ կարմիր բերետավորներից մեկն իր պարանոցից բռնած քարշ է տվել հրապարակի կենտրոնից մինչև մոտակա ծառը, որտեղ էլ  ինքն ուշաթափվել է:

Սևակ Մանուկյանը պատմել է նաև, որ միջադեպից հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հանդիպել է գործով տուժող համարվող Գեղամ Խաչատրյանին, ում դեմքի վրա վնասվածք չի եղել:

Վկան նշել է, որ հիվանդանոցում ինքը մոտեցել է Գեղամ Խաչատրյանին և ասել, որ իր տղաներն իրենց ծեծել են: Ոստիկանը պատասխանել է, թե լավ են արել ու դեռ քիչ են արել: Դրանից հետո, Մանուկյանի խոսքով, Խաչատրյանը փորձել է մոտենալ իրեն, սակայն նրա կողքին գտնվող 2 ոստիկանները իրեն էլ դուրս են հանել սենյակից:

Նիստի ժամանակ նաև ցուցադրվել են միջադեպի օրվա բախման տեսաձայնագրությունները, որոնցում երևում է, որ Գեղամ Խաչատրյանը հարվածներ է հասցնում քաղաքացիներին, իսկ նրանից աջ կանգնած Վարդան Ապրեսանը բռունցքով հարվածում է Գևորգ Սաֆարյանին: Տեսանյութի մեջ նաև երևում է, որ Գեղամ Խաչատրյանի և Գևորգ Սաֆարյանի միջև մեծ հեռավորություն է առկա և նրանց մեջտեղում 2 ոստիկաններ են:

Սաֆարյանը նշել է, որ մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող բռունցքով հարվածել Խաչատրյանին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 24-ին:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամառողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: