Home / Բանտ / Կալանավորի առողջական վիճակը վատանում է. նա պատշաճ բուժօգնություն է պահանջում

Կալանավորի առողջական վիճակը վատանում է. նա պատշաճ բուժօգնություն է պահանջում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում պահվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ և գնալով ավելի է վատանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հրաչյա Գևորգյանի փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը:

Չնայած դրան, Արդարադատության նախարարությունից կալանավորին նոր նամակ է եկել, որտեղ նշված է, որ Հրաչյա Գևորգյանն այլևս չունի նախկինում ախտորոշված Պարկինսոնի հիվանդություն:

«Հիմա փորձում եմ նրա առողջության հետ կապված բոլոր փաստաթղթերը ստանալ, որպեսզի հասկանամ, թե ինչի հիման վրա են նման եզրակացություններ կայացրել ու էդ ինչեր են ուզում անեն: Ինչպե՞ս են ախտորոշում Պարկինսոն, հետո ասում՝ չկա»,- ասել է Կարապետյանցը:

Պաշտպանի խոսքով՝ Հրաչյա Գևորգյանը պատրաստվում է ի նշան բողոքի հացադուլ անել, ինչը նրա պարագայում ծայրահեղ քայլ է: Կալանավորը պահանջում է իրեն պատշաճ բուժօգնություն տրամադրել:

«Ես այսօր հանդիպեցի Հրաչյայի հետ: Նրա վիճակը շատ ծանր է և ես խնդրեցի, որ հացադուլ դեռ չանի մինչև ստանանք մեր ուղարկած նամակների պատասխանները: Ճիշտ է՝ առանձնապես հույսեր չենք կապում, բայց պատասխանների ենք սպասում երկու քննիչներից և Գլխավոր դատախազից»:

Նշենք, որ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Մի քանի անգամ կալանավորը հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ իրեն զրկում են համապատասխան բժշկական օգնությունից և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում իրեն փորձել են թունավորել, որպեսզի լռեցնեն իրեն։ Գևորգյանը պնդում է, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրացտիճան ոստիկան Արթուր Գևորգյանը։ Կալանավորը նաև բանտային բարքերի մասին բաց նամակ է հրապարակել։

Tekali Taxi