Home / Բանտ / Կալանավորը խոստանում է ինքնահրկիզվել՝ իշխանություններից պատասխան չստանալու դեպքում

Կալանավորը խոստանում է ինքնահրկիզվել՝ իշխանություններից պատասխան չստանալու դեպքում

8 տարվա ազատազրկման դատապարտված ծանր հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանը պատրաստվում է առաջիկա հինգշաբթի օրն ինքնահրկիզվել կամ այլ միջոցով ինքնավնասվել։ Կալանավորն այդ քայլով ցանկանում է ուշադրություն հրավիրել իր՝ թունավորման դեպքի վրա, որը մինչ օրս չի բացահայտվել։ Այս մասին Epress.am-ի զրույցում ասել է Գևորգյանի փաստաբանը՝ Նինա Կարապետյանցը։ Գևորգյանի պնդմամբ՝ դեպքը բացահայտելու ձգձգումը նպատակ ունի թաքցնել թունավորման իրական պատվիրատուներին և կատարողներին։

Փաստաբանը նշել է, որ Գևորգյանը մի քանի օր առաջ նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, օմբուդսմենին, Արդարադատության նախարարին, «Նուբարաշեն» ՔԿՀ պետին՝ պնդելով, որ եթե որոշակի ժամանակահատվածում իր թունավորման դեպքը չբացահայտվի, ապա ինքը կինքնահրկիզվի: Գևորգյանի խոսքով՝ իրեն թունավորել են հիվանդանոցում, որի հետևանքով իր առողջությունը կտրուկ վատացել է։

«Շաբաթ օրը ես խոսել եմ Հրաչի հետ, նա ասաց, որ դեռ պատասխան չի ստացել և պատրաստվում է երկուշաբթի օրը՝ այսինքն այսօր, ինքնահրկիզվել։ Ես համոզել եմ, որ նա չգնա այդպիսի կտրական քայլի, ինչպես նաև տրամաբանական ժամկետ տա իր նամակին պատասխանելու համար։ Հրաչն ասաց, որ կսպասի մինչև հինգշաբթի օրը և հետո կինքնահրկիզվի, եթե իրեն չպատասխանեն», – ասել է Կարապետյանցը։

Վերջինս նաև հաղորդել է, որ Գևորգյանի առողջական վիճակը լավ չէ, նա ունի վնասվածքներ և այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում։

«Մի քանի օր առաջ, երբ Գևորգյանը փորձել է բարձրանալ անվասայլակի վրայից՝ քայելու համար, վայր է ընկել և վնասվածքներ ստացել։ Պարզվում է՝ սա երկրոդ անգամ է արդեն։ Երբ հանդիպեցի, ոտքը վիրակապած էր, ձեռքը՝ նույնպես», – ասել է փաստաբանը։ Նա նշել է, որ իր հետ զրույցում Գևորգյանը այս անգամ գոհունակություն է հայտնել հիվանդանոցի բուժանձնակազմի վերաբերմունքից։

Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Մի քանի անգամ կալանավորը հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ իրեն զրկում են համապատասխան բժշկական օգնությունից և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում իրեն փորձել են թունավորել, որպեսզի լռեցնեն իրեն։ Գևորգյանը պնդում է, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրացտիճան ոստիկան Արթուր Գևորգյանը։ Կալանավորը նաև բանտային բարքերի մասին բաց նամակ է հրապարակել։

Tekali Taxi