Home / Հայաստան / Վարդենիսի բնակչին վարչապետի նամակից հետո էլ չվերականգնեցին աշխատավայրում

Վարդենիսի բնակչին վարչապետի նամակից հետո էլ չվերականգնեցին աշխատավայրում

Վարդենիսի բնակիչ, փականագործ Արմեն Երանոսյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո արդեն մի քանի անգամ կարած բերանով բողոքի ցույց է անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց, վարչապետ Կարեն Կարապետյանից նամակ է ստացել, որում ասված է, թե Արմեն Երանոսյանին պետք է վերականգնել աշխատավայրում։ 

«Ես էդ նամակը ձեռս երեկ գնացել եմ Սոթքի ոսկու հանք, որ վերականգնեն ինձ գործի տեղը, բայց ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինն ասեց, որ իրա համար հաշիվ չի էդ նամակը։ Իրենք վարչապետի նամակը հաշվի չառան ու էլի ինձ գործի չընդունեցին։ Ես էլ չգիտեմ հիմա ինչ անեմ, ոնց եմ վարկերս փակելու, հիվանդ մորս պահելու․ գոնե էս ձմեռը կարողանայի աշխատել, հանել, հետո մի բան կմտածեի»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է Արմեն Երանոսյանը։

Հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանը Երանոսյանին առաջարկել է մեկ ուրիշ աշխատանք 150 հազար դրամով (նախկինում Երանոսյանն ավելի բարձր աշխատավարձ էր ստանում ֊ խմբ․), որի համար հարկավոր կլինի օրական 12 ժամ աշխատել․ «Բայց ես չեմ կարա էդ գործը անեմ, ո՞նց ամեն օր 12 ժամ աշխատեմ, ես տանը հիվանդ մայր ունեմ, անասուններ ունեմ, որ չեմ կարա թողեմ։ Ես գնալու եմ Երևան ոտքերս մեխեմ սկամեյկին ու սպասեմ մինչև վարչապետը իջնի, ինձ տեսնի»։

Հիշեցնենք, որ  Երանոսյանը հոկտեմբերի 17-ից կարած բերանով հացադուլ էր սկսել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Հոկտեմբերի 22-ին ոստիկանները նրան բռնության կիրառմամբ տարել էին հիվանդանոց, քանդել բերանի կարերը, ապա իր կամքին հակառակ տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն։

Երանոսյանին հոգեբուժարանում 3 օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպողաբար դեղեր են ներարկել։ Հոգեբուժական կենտրոնից նրան հոկտեմբերի 24-ին դուրս են հանել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները։

Հոգեբուժարանից դուրս գալուց հետո Երանոսյանը շարունակել է իր բողոքի ակցիաները ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատավայրում ՝ Սոթքի ոսկու հանքում։

Tekali Taxi