Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նոյեմբերի 24-ին վճիռ է կայացրել 2002 թվականի օգոստոսին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում մահացած ժամկետային զինծառայող Սուրեն Մուրադյանի գործով՝ ճանաչելով, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է զինծառայողի կյանքի իրավունքը։ Սա կյանքի իրավունքի խախտմանը վերաբերող առաջին վճիռն է Հայաստանի դեմ, և դրա բացատրական մասում ՄԻԵԴ-ի դատավորները շեշտում են, որ պետությունը պարտավոր է մարդու կյանքը պաշտպանել հատկապես այն ժամանակ, երբ նա գտնվում է պետության հոգածության ներքո, օրինակ՝ բանակում։ Բողոքը ՄԻԵԴ ներկայացրել է Հայաստանի քաղաքացի, Բաղրամյան գյուղի բնակիչ Հրաչյա Մուրադյանը, ով մահացածի հայրն է:
«Պետությունը ոչ միայն պետք է անօրինաբար չզրկի կյանքից, այլև պատշաճ քայլեր պետք է ձեռնարկի իր ենթակայության տակ գտնվող անձանց կյանքը պահպանելու համար։ Երբ անձը գտնվում է անազատության մեջ, նա ավելի խոցելի դիրքում է և պետությունը պարտավոր է նրան պաշտպանել։ Պետությունը նաև պարտավոր է համոզիչ և բավարար բացատրություն տալ բանակում կատարված սպանությունների և [զինծառայողների ստացած] վնասվածքների համար», – նշված է վճիռում։
Անցնելով Մուրադյանի գործի բուն հանգամանքներին՝ միջազգային դատարանը նշում է, որ զինծառայողը մահացել է ներքին արյունահոսության պատճառով, որը հետևանքն է փայծաղին հասցրած հարվածի: Վնասվածքը հասցվել էր զորամասի սպաներից մեկի՝ Վ․Գ․֊ի կողմից։ ՄԻԵԴ-ը նշում է, որ գործը քննող մարմինն առաջ է քաշել վարկած, թե Մուրադյանի մոտ մալարիա հիվանդությունն է եղել։ «Հարկ է նշել, որ մալարիայի ախտորոշումնը առաջ է քաշվել բացատրելու, թե ինչու է Սուրեն Մուրադյանի փայծաղը եղել մեծացած և դեֆորմացված և որ այն կարող էր պայթել թեթև հարվածից էլ»,- ասված է ՄԻԵԴ֊ի վճռում։ Զինծառայողի մահից հետո անցկացված փորձաքննությունը պարզել էր, որ նրա օրգանիզմում մալարիայի հետք չի եղել:
Դատարանի կայքից նաև տեղեկանում ենք, որ նախաքննությունը ընդունել է, թե Սուրեն Մուրադյանը կոնֆլիկտ է ունեցել իր զորամասի երկու սպաների հետ, որը սկսել է կորած ժամացույցի մասին խոսակցությունից։ Սուրեն Մուրադյանին սպաները ժամանակ են տվել ժամացույցը գտնելու, և սպառնացել են, որ եթե չանի «պրոբլեմներ կունենա» և «կպատժվի»։ Մի քանի օրից, երբ տրված ժամանակը հավանաբար ավարտվել էր, Մուրադյանին նորից կանչել են և սպառնալիքները շարունակվել են։ ՄԻԵԴ֊ը քննադատում է գործի քննությունը իրականացնողներին այդ վեճի հանգամանքները չպարզելու համար։
«Չնայած այս ամբողջ վկայությունների, որ սպաներ Դ․Հ․֊ն, Վ․ Գ․֊ն և Կ․ Զ․֊ն հնարավոր է հանցանքներ են թույլ տվել, նրանք մեկուսակցվել են միայն 2, 3, 10 օր հետո համապատասխանաբար»,֊ ասված է վճռում։
ՄԻԵԴ֊ը նաև նախաքննող մարմնին մեղադրում է, որ այն ոչինչ չի արել պարզելու՝ արդյոք սպաների մոտ կանչվելուց Մուրադյանի նկատմամբ որևէ ֆիզիկական բռնություն կիրառվել է, սպաների հարցաքննությունը որոշ դեպքերում սահմանափակվում է պարզապես նրանց՝ այդ օրվա իրադարձությունների գրավոր նկարագրությամբ: Դատարանը նաև նկատում է, որ քննիչները հաշվի չեն առել, որ Մուրադյանի հետ միասին սպաների մոտ կանչված այլ երկու զինծառայողների քննության ժամանակ տված ցուցմունքները եղել են զգուշավոր, քանի որ նրանք գուցե վախեցել են իրենց հրամանատարության դեմ ցուցունք տալ։
Սպաներ Դ.Հ-ն և Վ.Գ-ն մեղադրվել են ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ և 2003 թվականի մայիսի 5-ին դատապարտվել 1-ական տարվա ազատազրկման: Հունիսի 2-ին Վ.Գ-ն վաղաժամ պայմանական ազատ է արձակվել:
Բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ՄԻԵԴ֊ը վճռել է, որ Հայաստանի իշխանությունները Մուրադյանի մահը չեն բացահայտել։
Զոհված զինծառայողի գործը ՄԻԵԴ֊ում ներկայացրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ դատարանն անդրադարձել է նաև այն փաստին, որ Սուրեն Մուրադյանը, լինելով Հայաստանի քաղաքացի, զինակոչվել է Լեռնային Ղարաբաղ։
«Բացատրելով, թե ինչու է Մուրադյանը Լեռնային Ղարաբաղ ուղարկվել՝ Հայաստանը ՄԻԵԴ֊ում հղում է կատարել գոյություն չունեցող 1994 թվականին ստորագրված Հայաստանի և Ղարաբաղի միջև պայմանագրի վրա, որի համաձայն ցանկության դեպքում հայաստանցիները կարող են ծառայել Լեռնային Ղարաբաղում։ Մենք պատասխանել ենք, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, չի հրապարակվել, համացանցում էլ չկա։ Բացի դա, մեկ այլ դեպքում, նույն հարցին պատասխանելով, Պաշտպանության նախարարությունն ինքը նման փաստաթղթի մասին չի ասել, այլ հղում է կատարել զինապարտության մասին օրենքին և Սահմանադրությանը»,֊ ասել է Շուշանյանը։
ՄԻԵԴ֊ը վճռել է, որ հայցվոր Հրաչյա Մուրադյանը Հայաստանի Հանրապետությունից պետք է ստանա 50 հազար եվրո փոխհատուցում։