հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Եվս մեկ վճիռ ընդդեմ Հայաստանի. ՄԻԵԴ-ը բարձրացնում է բարոյական վնասի փոխհատուցման հարցը

Եվս մեկ վճիռ ընդդեմ Հայաստանի. ՄԻԵԴ-ը բարձրացնում է բարոյական վնասի փոխհատուցման հարցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Հայկ Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ, անօրինական կերպով կալանավորելով Սահակյանին, պետությունը խախտել է քաղաքացու ազատությունն ու անձեռնմխելիությունը, իսկ դրա արդյունքում կալանավորվածը Հայաստանում չի ստացել բարոյական վնասի փոխհատուցում։ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, ՀՀ Կառավարությունը Սահակյանին պետք է որպես բարոյական վնասի փոխհատուցում 3000 եվրո վճարի։  

ՄԻԵԴ ուղարկած դիմումում Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Յուրիկ Խաչատրյանը որպես փոխհատուցում 15400 եվրո էր պահանջել՝ իր պաշտպանյալի՝ անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը գնահատելով 350 եվրո։ Յուրիկ Խաչատրյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Սահակյանի գործի հաջողության համար կարևոր էր այն, որ նա արդարացվել է․ ծանր մարմնական վնաս հասցնելու մեղադրանքը չի հաստատվել քննչական մարմնի կողմից։ Կալանքի անօրինականությունը հաստատվել է նաև այն փաստով, որ քննիչը Սահակյանին կալանավորելու որոշումն ինքնակամ էր կայացրել՝ առանց դատարանի, իսկ, համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի, կալանքը որպես խափանման միջոց սահմանելը դատարանի իրավասությունն է։

Յուրիկ Խաչատրյանն ասել է, որ ինքը բարոյական վնասի փոխհատուցման համար դիմել էր նաև ՀՀ Սահմանադրական դատարան և դարձյալ հաղթել․ ՍԴ-ն որոշել էր, որ բարոյական վնասի փոխհատուցումը չապահովելը Սահմանադրության խախտում է։ Քաղաքացիական դատարանը մերժել էր բարոյական վնասի փոխհատուցման տրամադրումը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը (վնասների հատուցում), նախատեսում է ֆիզիկական վնասի հատուցում։

«ՍԴ-ի  որոշումներից հետո մշակվել է օրենսդրություն, որն ապահովելու է բարոյական վնասի փոխհատուցում։ Այդ օրենքը շուտով կմտնի ուժի մեջ։ Սակայն դա նախատեսում է մինչև 1 միլիոն դրամի փոխհատուցում, ինչը քիչ է։ Այն փոփոխությունները, որոնք բարելավող են մարդու համար, հետադարձ ուժ են ունենում։ Եթե այս օրենքը հետադարձ ուժ ունենա, ՀՀ բյուջեն չի բավարարի բոլորին փոխհատուցելու համար», – ասել է փաստաբան Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ  հոդվածի  սահմանադրականության հարցով ՍԴ էր դիմել նաև իրավագետ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ Վարդան Խաչատրյանի իրավունքների խախտման գործով:   

ՄԻԵԴ-ը բարոյական վնասի փոխհատուցման մեխանիզմների  բացակայության հարցը բարձրաձայնել է նաև «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով։