Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտվանից «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ են անում հրապարակում ու պահանջում մոտ մեկ ամիս առաջ նշանակված տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը։ Shamshyan.com կայքի հետ զրույցում բողոքողներն ասել են, որ տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև կրթահամալիրում աշխատող սպաների նկատմամբ․ «․․․անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորիս հասցեին՝ մեզ համարելով «հորթեր», «դիշովկաներ» և սպառնալիքներ է տալիս։ Ոչ մի անգամ նման տնօրեն չենք ունեցել։ Սպաներն էլ շատ հոգատար էին մեր նկատմամբ, սակայն նրա՝ այստեղ գալուց հետո ամբողջ կրթահամալիրում տիրում է անառողջ մթնոլորտ։ Հուսով ենք, որ վերադասը հետևություններ կանի ու այդ վայ-տնօրենին կհեռացնի զբաղեցրած պաշտոնից… Եթե մեր խնդիրը չլուծվի, ավելի լավ է՝ բոլոր սաներով դուրս գանք կրթահամալիրից»։
News.am-ի հետ զրույցում Յաղմուրյանը նշել է, որ արտահերթ ծնողական ժողով են հրավիրել, որ քննարկեն կատարվածը։
«Երեխաներն ինչ-որ բան են ուզում ասել․․․ Փորձում ենք օրենքի յուրաքանչյուր կետ կիրառել, երեխաները երևի թե մինչև այդ ազատ են եղել, իրանց համար անհասկանալի է: Երեխա են, չեն պատկերացնում…», – կայքի հետ զրույցում ասել է տնօրենը։