Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորներ դեմ են ՀՀ կառավարության ներկայացրած վարկային երեք նոր համաձայնագրեր վավերացնելուն։ Այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկվում է երեք նոր վարկային ծրագրեր, որոնցով Կառավարությունը վերցնում է ևս 180 միլիոն դոլարի արտաքին պարտք` Համաշխարային բանկից և Ֆրանսիական զարգացման գործակալությունից։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծիք է հայտնում, որ տարեվերջյան այս օրերին վարկը վավերացվում է, որպեսզի Կառավարությունը խուսափի բյուջեի դեֆոլտից։
«Ես կարող եմ էսպիսի գնահատական տալ. 100 միլիարդի պակաս ունեք, դեֆոլտից խուսափելու համար վարկային ներարկումներ եք անում»,֊ ասել է Արամ Մանուկյանը։
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը դժգոհել է, որ վարկային համաձայնագրերը բերվել են արտահերթ նստաշրջանի ընթացքում և չեն քննարկվել ԱԺ հանձնաժողովներում։
«Ծրագրերից մեկի Բ կետն է՝ մրցունակության ամրապնդում։ Ինչի մրցունակությունն եք ամրապնդում։ Հասկանալի է, որ բյուջետային խնդիրներ են, բազմաթիվ նման ծրագրեր եղել են, ոչ սրանց էֆեկտիվությունը հնարավոր է չափել, ոչ հասկանալ․․»,֊ ասել է Մհեր Շահգելդյանը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է, որ պարտքերը ճիշտ չօգտագործելու ռեսուրս Հայաստանն այլևս չունի, քանի որ երեք բան չկա, որը կարելի է պարտքի դիմաց տալ։
«Ցավոք, մեր փոքր պարտքն էլ չներվեց։ էլ գույք պարտքի դիմաց, էլ չգիտեմ ՝ ինչեր են արեք։ Տվել ենք անընդհատ։ Նույնիսկ գազի սակագինը պահելու համար բաժնեմաս ենք տվել։ էլ բան չկա»,֊ ասել է Մելքումյանը։