«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գործով 7 ձերբակալվածներից մեկը՝ Ներսես Պողոսյանը, դեկտեմբերի 15-ից հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի դեմ։ Այս մասին Epress.am-ին հայտնել է վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Արդեն 7 ամիս կալանքի տակ գտնվող Պողոսյանը պահանջում է իր նկատմամբ որպես կալանքի միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավը։
«Պողոսյանի նկատմամբ կալանավորումը երկարացնելու համար նախաքննող մարմինն անգամ միջնորդություն չի ներկայացրել դատարան, այլ մի գրություն, և դատարանն այդ գրությամբ կալանքի երկարաձգումը հաստատել է։ Սա դատավարության օրենսգրքի խախտում է, և մենք բողոքարկել ենք վերաքննիչ դատարան։ Վերաքննիչը մերժել է, դիմելու ենք Վճռաբեկ, եթե Վճռաբեկ դատարանը հարցը չլուծի, անպայման՝ Եվրոպական դատարան», – ասել է Պապիկյանը։
Նա նշել է՝ Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 235 հոդվածի 2 մասով՝ ապօրինի կերպով զենք զինամթերք կրելը, տեղափոխելը, փոխադրելը, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է 235 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ կազմակերպված խմբի կազմում այդ գործողությունները կատարել։ Ներսես Պողոսյանը չի ընդունում մեղադրանքը․ «Պողոսյանին կալանավորելու հիմքը, ըստ նախաքննող մարմնի, այլ անձանց ցուցմունքներն են։ Դրանք, սակայն, հայտնվել են գործում Պողոսյանի կալանավորելուց հետո միայն»։
Ըստ նրա՝ Ներսես Պողոսյանը 2006 թվականից ի վեր ակտիվ մասնակցել է քաղաքական ու հասարակական բողոքի ակցիաներին։
«Գրեթե ամեն ակցիայի մասնակցել է։ Երևի նրա դեմ գործ հարուցելն այդ ակտիվության համար «պատիժն» է»»,֊ հավելել է փաստաբանը: