Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանին (նկարում) դուր չի եկել այն պնդումը, որ ոստիկանությունը նպաստում է ընտանիքներում կանանց բռնությանը։
Հունվարի 19-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ցուցադրել է դատաիրավական համակարգում կանանց հանդեպ խտրականության մասին պատմող լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆիլմը, որտեղ ներկայացվում էին բռնության ենթարկված կանանց պատմությունները։ Վերջիններս ֆիլմում նշում էին, որ շատ դեպքերում հենց ոստիկանության անտարբերությունն է նպաստել այդ բռնություններին։
Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո Դուրյանը սրտնեղած ասել է, որ «նպաստել» բառը չպետք է օգտագործել, իսկ Ոստիկանությունից էլ պետք է պահանջել գործառույթները, որոնք ամրագրված են օրենքներում։ «Ոստիկանությունը անում է այն, ինչ որ կարող է», – նշել է Դուրյանը։
Նա անդրադարձել է ֆիլմում ցուցադրված՝ 2016 թվականին նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի դեպքին և նշել, որ դեպքից առաջ 8 ահազանգ է եղել ոստիկանություն և բոլոր դեպքերում էլ անմիջապես արձագանք է եղել․ «Թե ինչ ընթացք է եղել այդ դեպքերով, դրա համար պատասխանատու է քննչական մարմինը և դատարանները»։
Թագուհի Մանսուրյանը ֆիլմում պատմում է, որ դեպքի օրը նախկին ամուսինը հերթական անգամ սպառնալիքներով եկել է ծնողների տուն և փորձել ներս մտնել: Իրենք ոստիկանություն են զանգահարել և ոստիկաններն իրեն ու մորը տարել են բաժանմունք հաղորդագրություն տալու համար, ամուսինը մնացել է տեղում։ Բացատրություն տալուց հետո ոստիկանները մորը և դստերը հետ են բերել տուն։
«Ոստիկանները իրենց բարի կամքով Թագուհի Մանսուրյանին և նրա մայրիկին ոստիկանությունից կեսգիշերին տուն են բերել, որ չմնային փողոցում», – ասել է Դուրյանը։
Մինչդեռ Թագուհին ֆիլմում պատմում էր, որ երբ կեսգիշերին ոստիկանները իրենց մեքենայով տուն են տարել, մայրը խնդրել է իրենց ուղեկցել մինչև բնակարան, քանի որ վախեցել է, որ Թագուհու նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը, կարող է ինչ-որ տեղ դարանակալած լինել և հարձակվել իրենց վրա։ Թագուհու խոսքով՝ ոստիկանները, առանց մեքենայից իջնելու, նայել են աջ ու ձախ, հետո ասել՝ գնացեք, ոչինչ չկա։ Արդեն դռան մոտ Թագուհու ամուսինը հարձակվել է կանանց վրա՝ կացնահարելով սպանել Թագուհու մորը, վնասվածքներ հասցրել իրեն և հորը։
Միջոցառման մասնակից, տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշել է, որ Մանսուրյանի մոր սպանության մեջ իր մեղքի բաժինը ոստիկանությունը միանշանակ ունի։ «Ոստիկանության ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում տեղի ունեցավ այդ ողբերգությունը»։
Նա պատմել է, որ դեպքից հետո Թագուհու հայրը՝ Վաչագան Մանսուրյանը, կացնահարված վիճակում ահազանգել է ոստիկանություն և առաջին բառը, որ ասել է, եղել է՝ «սա՞ էիք ուզում»։ «Այ, սրա գնահատականը պիտի տա ոստիկանությունը», – ասել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ հեռախոսազրույցի ձայնագրության մեջ լսվում է․ Թագուհու հայրը զանգում է ոստիկանություն և դեպքի մասին ասում, խոսակցության վերջում լսվում է ոստիկանի հայհոյանքը։ «Այս հայհոյանքին դեռ պատասխան չկա։ Իմ համար սա է ոստիկանության դեմքը։ Այո՛, ոստիկանությունը նպաստեց, որ տեղի ունենա նման ողբերգություն», – ասել է փաստաբանը։