Դատական ակտերի հարկադիր ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գրասենյակը։
«Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական «LGT» բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին։ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործով վարույթը կարճել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով», -նշված է հաղարդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օֆշորային գոտում գրանցված Mossack Fonseca ընկերության տվյալների բազայի գաղտնազերծումից պարզ էր դարձել, որ Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է։ Համաձայն փաստաթղթերի՝ Միհրան Պողոսյանն իր անվան հետ կապվող երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել էր 2011թ. մարտին, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը։ Փաստաթղթերի արտահոսքը իրականացվել է անհայտ աղբյուրի կողմից գերմանական Süddeutsche Zeitung թերթին։